Կյանքի 101-րդ տարում վախճանվել է լեգենդար անձնավորություն, ԽՍՀՄ պետական, կուսակցական, հասարակական գործիչ Գեորգի Արտաշեսի Տեր-Ղազարյանցը։
Արմատներով Իջևանից Տեր-Ղազարյանցը ծնվել է Բաքվում 1923թ․ մարտի 10-ին։
1941թ․ պատրաստվում էր ընդունվել համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Սակայն սկսվեց Մեծ Հայրենական պատերազմը, և դպրոցի շրջանավարտ Գեորգին զորակոչվեց բանակ ու ծառայեց հրաձգային 155-րդ կուրսանտային բրիգադում։
1942թ․ Գ․Տեր-Ղազարյանցն ընդունվում է կուսակցության շարքերը։ Առաջին մարտական մեդալը ստանում է 1942թ․։ Երկու անգամ վիրավորվում է։ Պատերազմը սկսելով որպես հետևակային զինվոր՝ ավարտում է գվարդիայի կապիտանի կոչումով։
1945թ․ նրան գործուղում են սովորելու Վ․Ի․Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա։ Ուսումն ավարտելուն պես ծառայում է փառապանծ 89-րդ Կարմիր դրոշի հայկական Թամանյան դիվիզիայում՝ որպես քաղբաժնի պետի օգնական կոմերիտմիության գծով։
1950թ․ աշնանը Գ․Տեր-Ղազարյանցն ընտրվում է Հայաստանի կոմերիտմիության Կենտկոմի առաջին քարտուղար։ Այդ օրվանից սկսվում է նրա երկարատև ու բեղմնավոր աշխատանքը հանուն մեր հայրենիքի արդյունաբերական, սոցիալական և հոգևոր զարգացման ու հզորացման։
Գ․Տեր-Ղազարյանցի ղեկավարությամբ հանրապետությունում կոմերիտականները մեծ ավանդ են ներդնում կառուցվող խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում և էներգետիկ ենթակառուցվածքներում։
Հիշատակման է արժանի կոմերիտական ջոկատների մասնակցությունը Սևան-Հրազդան էներգետիկ համալիր կասկադի շինարարությանը։
Հաշվի առնելով Գ․Տեր-Ղազարյանցի կազմակերպչական ընդունակությունները, ձեռք բերած փորձը, Միութենական Կենտկոմը շատ հաճախ սկսեց նրան գործուղել արտասահմանյան երիտասարդական կազմակերպությունների հետ միջազգային կապերը զարգացնելու նպատակով։
1956թ․ ԽՄԿԿ Կենտկոմում ստեղծվեց միջազգային հարաբերությունների բաժին, որին զուգահեռ՝ ՀԱՄԼԿԵՄ Կենտկոմում ձևավորվում է համանման բաժին, և նրա ղեկավար է նշանակվում Գեորգի Տեր-Ղազարյանցը։ Սակայն, շատ շուտով հեռանկարային կադրին տեղափոխում են «ավագների» բաժին, որի ղեկավարն էր ապագա ՊԱԿ նախագահ և հետո ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուաղար Յուրի Անդրոպովը։
1960թ․ Տեր-Ղազարյանցը վերադառնում է Երևան և ընտրվում Կոմկուսի Կենտկոմի քարտուղար, ապա՝ երկրորդ քարտուղար։ Ընդգծենք. ընդունված կարգի համաձայն, միութենական հանրապետություններում, որպես կանոն, երկրորդ քարտուղարի պաշտոնում Մոսկվան առաջադրում էր ազգությամբ ռուս թեկնածու։ Հայաստանի Կոմկուսը միակն էր, որտեղ կուսակցության երկրորդ դեմքը հայ ազգի ներկայացուցիչ էր։
1972թ․ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյում առաջացան տարաձայնություններ։ Գործը հասավ Մոսկվա։ Որոշվեց Տեր-Ղազարյանցին ազատել զբաղեցրած պաշտոնից և գործուղել Աֆրիկա՝ Սենեգալ, արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակով։
Ութ տարի Սենեգալում և Գամբիայում բարձր մակարդակով ներկայացնելով ԽՍՀՄ շահերը, ամուր միջպետական կապեր հաստատելով երկրների միջև, Գ․Տեր-Ղազարյանցը վերադառնում է Մոսկվա, բայց ղեկավարության որոշմամբ նշանակում ստանում այս անգամ Ռոդեզիայում, որն այդ տարիներին ամենաբարդ երկրների շարքում էր։
1987թ․, 14 տարի անցկացնելով Աֆրիկայում, Գ․Տեր-Ղազարյանցը նշանակվում է Հեղինակային իրավունքների պաշտպանության համամիութենական գործակալության նախագահ։
Տեր-Ղազարյանցի 80-ամյակին տեղի ունեցավ մի ուշագրավ իրադարձություն։ Համարելով, որ այդ պատկառելի տարիքում հարմար չէ մնալ ղեկավար պաշտոնում, նա դիմում է վերադասին՝ խնդրելով ազատել իրեն նախագահի պարտականություններից։ Վեց ամիս անց գործակալության կոլեկտիվն աղերսում էր ղեկավարությանը վերադարձնել իրենց նախկին նախագահին։ Տեր-Ղազարյանցը վերադառնում է։
Իր կյանքի վերջին 15 տարիներին Գ․ Ա․ Տեր-Ղազարյանցը նվիրեց Ռուսաստանի Դաշնության հայ համայնքին։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկով ստանձնեց նույն կազմակերպության առաջին փոխնախագահի պարտականությունները և իրեն հատուկ պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ բեղմնավոր և հայանպաստ գործունեություն իրականացրեց։
Հատուկ նշենք Արա Աբրահամյան–Գեորգի Տեր-Ղազարյանց երկարատև բարեկամությունը և բազմակողմ ու հայանպաստ միասնական գործունեությունը։
Մենք՝ ներքոստորագրյալներս, պատիվ ենք ունեցել աշխատել, բարեկամություն անել, խորհուրդ ստանալ բացառիկ անձնավորություն Գեորգի Արտաշեսի Տեր-Ղազարյանցից։ Մենք միշտ կհիշենք մեր մեծ հայրենակցին՝ վառ պահելով նրա հիշատակը։
Վլադիմիր Աղայան
Արամ Գ․ Սարգսյան