Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Նրա առաջին կանգառը եղել է Դիլիջան քաղաքում, որտեղ ներկայացվել են Տ-10-34, /Մ-4/ – Լեռնային Հայաստան առողջարան ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Աշխատանքներն ընթացքի մեջ են:
Հաջորդ կանգառը Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարանում էր, որտեղ ներկայացվել է Այվազովսկու վերականգնված կտավը: Նշվել է, որ վերջինիս վերականգնման նախաձեռնությունը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինության կողմից է, ծրագիրը հովանավորվել է մասնավոր անձի կողմից:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դիլիջան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 91 մլն դրամ է, որից 61 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Նախատեսվում է հիմնանորոգել մանկապարտեզի շենքը, կառուցել ջեռուցման համակարգ, բարեկարգել տարածքը։ Ավարտը նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերին:
Փաշինյանը ծանոթացել է Թեղուտ բնակավայրի ջրագծի կառուցման ընթացքին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 288 մլն դրամ է, որից 187 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը ։ Կատարվել են մոտ 8000 գծմ ջրագծի կառուցման /50-219մմ պողպատե և պոլիէթիլենային խողովակներով/ աշխատանքներ:
Այցի ընթացքում ներկայացվել է Հ-36, /Մ-4/ (Իջևան) – Նավուր – Բերդ – Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 35 կմ հատվածի հիմնանորոգումը (Գանձաքար-Իծաքար հատված): Շինարարության պայմանագրային արժեքը 4,2 մլրդ դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 35 կմ է, այդ թվում՝ Հախում գետի վրա նոր կամրջի կառուցումը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թվականին: