Ինչքան էլ արդարությունը և արդարադատությունը Հայաստանում հիվանդացել են, գլոբալ առումով չեն գործում, շատ մեծ հույս ունեմ, որ այսօր այդ ամենի վերջը լինելու է, որովհետև վերջիվերջո գծեր կան, ամեն ինչ պետք է այս չափ ու սահմանի մեջ լինի։ Այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ խոսելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի այսօր մեկնարկած դատավարության մասին։
«Արդարությունը մի պահ ոտքի է կանգնելու։ Շատ մեծ հույս ունեմ, որ այսօր հենց այդ օրն է։ Այն, ինչ հիմա Հայաստանում կատարվում է, աշխարհում չտեսված ու չլսված բան է, որովհետև ընդիմադիր կարևորագույն ուժի առաջնորդը, կուսակցության նախագահն արդեն շուրջ մեկ տարի ապօրինի կալանավորված է ու փաստացի չի կարող իր ընտրողների, հասարակության հետ շփվել։ Այստեղ մեխն այն է, որ գործը ապօրինի է, կարված է։ Սա ընդամենը Նիկոլ Փաշինյանի վախերի արտացոլանքն է, որ ամեն օր ապացուցվում է։
Նիկոլ Փաշինյանը վախենում է իր աթոռը կորցնելուց, վախենում է Սամվել Կարապետյանի անունից, Սամվել Կարապետյանի շուքից։
Իշխանությունները փորձում են ինչ-որ զարտուղի ճանապարհներ գտնել, որպեսզի հնարավոր լինի կուսակցության անվանումից հանել Սամվել Կարապետյանի անունը, մինչդեռ Վենետիկի հանձնաժողովը նախատեսում է խաղի հստակ կանոններ, ըստ որի առնվազն մեկ տարի առաջ խաղի կանոնները փոխել պետք չէ։ Բայց մենք տեսանք, որ ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ,իմանալով, մեր կուսակցությունը հանդես է գալիս դաշինքով՝ ամեն ինչ արեցին, որպեսզի Սամվել Կարապետյան անունը չշոշափվի, չերևա ոչ մի տեղ։ Սրանք հենց վախերի մասին են խոսում»,- նշեց Մխիթարյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե վախենում է՝ մինչև տարեվերջ Սամվել Կարապետյանը դառնա «բոմժ», Ռուբեն Մխիթարյանն նկատեց.
«Քանի որ Նիկոլ Փաշինյանը որևիցե կարմիր գիծ չունի, բարոյական նորմեր առկա չեն։ Այո՛, ես հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հակաօրինական շատ ու շատ քայլեր անել, բայց ի՞նչ է նշանակում վարչապետի մակարդակով իր քրտինքով աշխատած գումար ունեցող մարդուն, հայրենասեր մարդուն, հայրենանվեր մարդուն ասել՝ «բոմժ կսարքեմ»»։
Լրագրողները հիշեցրեցին, որ Փաշինյանը պարզաբանել է Սամվել Կարապետյանի առնչությամբ արած իր արտահայտությունը՝ նշելով, որ ինքը մտահոգություններ ունի՝ Կարապետյանը չկատարի դրսում տված խոստումները, և որոշակի շրջանակները փորձեն նրան ունեզրկել։
Ի պատասխան՝ «Ուժեղ Հայաստանի» անդամը շեշտեց՝ այդ խոսույթն ավելի շատ նման է Փաշինյանի՝սեպտեմբերին պատերազմ սկսվելու խոսույթին։
«Ինքն ընդամենը շարքային մանիպուլյատոր է, ստի, կեղծիքի էտալոն է։ Նմանատիպ տեղեկատվությունները ընդամենը իրենց փոքրիկ խմբակին հույս տալ է։ Իրենց այս քայլերը ցույց են տալիս, որ իրենք իրոք ցայտնոտի մեջ են, հասկանում են, որ տարբերակ չունեն վերարտադրվելու։ Դրա համար էլ ձեռքները գցել են փրփուրից»։
Նա միաժամանակ շեշտեց՝ Սամվել Կարապետյանի անունը դաշինքի անվանումից հանելը որևէ ազդեցություն չի ունենալու, որովհետև մարդիկ գիտեն, թե Սամվել Կարապետյանի թիմը որն է. «Մենք ունենք պլան Ա, պլան Բ և այլն»,- նշեց Մխիթարյանը։









