Նախորդ շաբաթ Հայաստանում համապետական շաբաթօրյակ էր։ Facebook-յան իմ ընկերների մեջ երևի հաշված թվով մարդիկ մնացին, որ «դարակազմիկ» այդ իրադարձությանն իրենց հույժ կարևոր մասնակցության մասին լուսանկար չտեղադրեցին։ Միանշանակ կարելի է պնդել, որ խորհրդային կարգերից ժառանգած այս իրադարձությունը մեր օրերում սոցիալական ցանցերում նոր լուսանկար տեղադրելու հետ է ասոցացվում. մարդիկ ոչ թե ցանկանում են ավելի մաքուր միջավայրում ապրել, այլ պարզապես Facebook-ի անձնական էջի լուսանկար հրապարկելու հարմար առիթ է։ Եթե մոլորակի աղտոտվածության մասին մտածեին, այն ամեն քայլափոխի պարզապես չէին աղտոտի։
Հայաստանում տարվա 12 ամիսը գրեթե բոլորն անխնա կերպով, երբեմն անգամ անգիտակցաբար՝ սովորույթի ուժով, իրենց տան շեմից դուրս աղտոտում են ինչ պատահի ու ինչպես պատահի, շքամուտքերից մինչև փողոց, գետերից մինչև անտառներ։
Շաբաթօրյակ նախ մարդկանց ուղեղներում պետք է անել, դաստիարակել ու սովորեցնել, որ քաղաքը, գյուղը, շրջապատը, շենքերի ու տների հարակից տարածքը միշտ պետք է մաքուր պահել, այդ ժամանակ արդեն, հասա՛տ, հանուն ստացված լուսանկար ունենալու՝ ձեռքը բահ ու ավել վերցնելու կարիք չի լինի:
Սևակ Վարդումյան