Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են հանրապետության քաղաքացի Մալխազ Պակսաշվիլիին` «Իսլամական պետության» կողմից Սիրիայում մարտերին մասնակցելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը, գրել է ТАСС-ը:
«Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը հատուկ գործողության արդյունքում դատարանի որոշման հիման վրա ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության խմբավորումներից մեկի ղեկավար, Վրաստանի քաղաքացի Մալխազ Պակսաշվիլիին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հետաքննության տվյալներով՝ Պակսաշվիլին 2013 թվականին լքել է Վրաստանն ու տեղափոխվել Սիրիա։ Այնտեղ միացել է «Իսլամական պետությանը»։ 2013-15 թվականներին Պակսաշվիլին ընդգրկվել է այսպես կոչված ռազմական էմիրների՝ Կեսար և Ցիսկարա Տոխոսաշվիլի եղբայրների խմբավորման մեջ: Նրանք նախկինում ձերբակալվել էին հատուկ ծառայությունների կողմից։
Հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի «Օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը կամ օտարերկրյա պետության կողմից վերահսկվող ահաբեկչական կազմակերպությանը միանալը կամ ահաբեկչական գործունեությանն աջակցելը» հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-ից մինչև 17 տարի ժամկետով: