Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՌԴ-ի հետ գազային նոր պայմանագրի կնքման և NIS (Սերբիայի նավթային արդյունաբերություն) ընկերության դեմ ԱՄՆ պատժամիջոցների կիրառման հարցը՝ ընկերության սեփականության մեջ Ռուսաստանի մասնակցության պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ես պետք է Պուտինի հետ խոսեմ NIS-ի նկատմամբ պատժամիջոցների և գազային համաձայնագրի մասին»,-Սերբիայի կառավարության նիստում ասել է Վուչիչը:
Ավելի վաղ նա նշել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից NIS-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ որոշումը չի ազդի հակառուսական սահմանափակումներին միանալու Բելգրադի հրաժարման վրա։ Վուչիչի խոսքով՝ իշխանությունները քայլեր կձեռնարկեն խնդիրը լուծելու համար՝ փորձելով «բարեկամական հարաբերություններ պահպանել ռուսների հետ և չփչացնել հարաբերությունները պատժամիջոցներ կիրառողների հետ»։
Ավելի ուշ NIS-ից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ ընկերությունը ներկայում գործունեության սահմանափակումներ չունի, սակայն վերլուծում է Վաշինգտոնից սպասվող պատժամիջոցների բոլոր հնարավոր սցենարները և հավանական հետևանքները։