Հեռախոսով հարցված 1101 ՀՀ քաղաքացիների 22.8 տոկոսը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագիրը գնահատել է լիովին դրական, 19.3 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 13.6 տոկոսը՝ ավելի շուտ բացասական և 34 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, հարցումների արդյունքներն այսօր ներկայացնելիս ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Տեսնում ենք, որ մոտ 47 տոկոսը բացասական է վերաբերում Փաշինյան-Թրամփ-Ալիև հռչակագրի ստորագրմանը։
Հարցին՝ ինչպե՞ս են գնահատում Սյունիքի մարզով Ադրբեջանին հաղորդակցության ճանապարհ տրամադրելը, հարցվածների 17.4 տոկոսը նշել է՝ լիովին դրական, 18.1 տոկոսը՝ ավելի շուտ դրական, ավելի շուտ բացասական՝ 11.3 տոկոսը և լիովին բացասական՝ 47.6 տոկոսը։ Շուրջ 60 տոկոսը բացասական է արձագանքել Սյունիքի տարածքով ճանապարհ տրամադրելու հանգամանքին։
Հաջորդ հարցին՝ վաշինգտոնյան համաձայնագիրը կնպաստի արդյոք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը, հեռախոսային հարցման մասնակիցների 15.8 տոկոսը գտել է, որ միանշանակ այո, ավելի շուտ այո՝ 22.8 տոկոսը, ավելի շուտ ոչ՝ 13.5 տոկոսը և միանշանակ ոչ՝ 41.6 տոկոսը։ Այսինքն՝ այն բանին, որ համաձայանգիրը կնպաստի խաղաղությանը, գրեթե 55 տոկոսը չի հավատում»,- ասաց բանախոսը։
Արամ Նավասարդյանը միաժամանակ նշեց, որ հարցման ընթացքում անդրադարձ են կատարել ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին։
Ըստ այդմ՝ հարցվածների 58 տոկոսը կարծիք է հայտնել, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ՀՀ ներքին գործն է, և որևէ երկիր՝ այդ թվում Ադրբեջանը, իրավունք չունի ազդելու այդ գործընթացի վրա։ 29.1 տոկոսը նշել է, որ դա Ադրբեջանի կողմից հերթական քաղաքական ծուղակն է։ 12.2 տոկոս հարցվածներն էլ նշել են, որ պատրաստ են կողմ քվեարկել ՀՀ Սահմանադրության փոփոխությանը, եթե դա բերի իրական և երկարատև խաղաղություն։
«Ձեր կարծիքով Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ» հարցին էլ դրական պատասխան է տվել 62 տոկոսը, ոչ՝ 18 տոկոսը։
Իսկ թե ում են հարցվածները համարել քաղբանտարկյալ, 71.5 տոկոսը նշել է Սամվել Կարապետյանի, 38.5 տոկոսը՝ Բագրատ Սրբազանի, 37.8 տոկոսը՝ Միքայել Սրբազանի, 9.6 տոկոս՝ Արմեն Աշոտյանի անունները։
Հարցվածներից նաև հետաքրքրվել են՝ ինչպե՞ս են գնահատում Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու գործելոճը։ Նման գործելաոճին լիովին դրական է վերաբերում 12.6 տոկոսը, ընդհանրապես բացասական՝ 46 տոկոսը։ Սրբազանների կալանքի ժամկետի երկարաձգումը լիովին դրական է գնահատել 17.3 տոկոսը, ընդհանարպես բացասական՝ 44.2 տոկոսը։
«Վերջին հարցին՝ եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք։ ՔՊ-ի օգտին նշել է 17.3 տոկոսը։ Սամվել Կարապետյանի «Նոր ուժի» օգտին են հանդես է եկել հարցվածների 13.4 տոկոսը։ Այս ցուցանիշը հունիսի համեմատ 10,6 տոկոսով աճել է, նախորդ ցուցանիշը մոտ 2,8 տոկոս էր, այսինքն՝ գրեթե 5 անգամ աճ ունենք այս 2 ամիսների ընթացքում»,- նշեց Նավասարդյանը։
«Հայաստան» դաշինքին իր քվեն տալու պատրաստակամություն է հայտնել 6,4 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը նշել է 3,8 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի (ՀՀԿ) օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3,4 տոկոսը։ Մյուս կուսակցություններն ու ուժերը 3 տոկոսից ցածր ցուցանիշ են գրանցել։