Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի սահմանամերձ Նոր Ղազանչի համայնքը հայտնի է նաև իր 2 աղբյուրներով` «Թեմարի» և «Ներքին», որոնք այժմ ցամաքել են, ինչը ջրի խնդիր է առաջացրել գյուղում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանը տեղեկացրել է, որ ներկայում գյուղի բնակչները 3 օրը մեկ են ջուր ստանում:
«Ջուրը հավաքելու և խնայողաբար օգտագործելու համար ստիպված մեծ տարաներ են գնել: Ծրագիր կա, որ «Բեյզ Մեթըլս» ՍՊԸ-ի անցկացրած ջրագծից մեր գյուղին ջուր տրամադրեն»,-ասել է համայնքապետը:Նրա տեղեկատվությամբ՝ 186 բնակիչ ունեցող Նոր Ղազանչիում Արցախյան երրորդ պատերազմից հետո 3 նոր ընտանիք է կազմավորվել և արդեն երեք ծնունդ է գրանցվել: Այստեղ նաև 2 տեղահանված ընտանիք է հաստատվել, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ:
«Բնակչությունը պատերազմից հետո նախկինի պես չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ և հողագործությամբ, քանի որ թշնամու դիրքերը շատ մոտ են: Խիստ նվազել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Գյուղացիներն էլ աշխատում են համայնքապետարանում, դպրոցում և այլն»,- մանրամասնել է մեր զրուցակիցը՝ միաժամանակ գոհացուցիչ գնահատելով հացահատիկայինների այս տարվա բերքահավաքի ցուցանիշները:Նոր Ղազանչու 73 աշակերտ ունեցող դպրոցը որպես կրթօջախ է ծառայում նաև հարևան Կիչան համայնքի և Կիլիկիա թաղամասի երեխաների համար: Գյուղը չունի բուժկետ, ինչպես նաև մանկապարտեզ, չնայած նախադպրոցական տարիքի 17 երեխա ունեն:
Անդրադառնալով իրականացված շինաշխատանքներին, համայնքի ղեկավարը հայտնեց, որ վերանորոգվել են մայրուղուց մինչև Կիլիկիա թաղամաս և Նոր Ղազանչի ընկած ճանապարհահատվածները: Մեկ ամսից կմեկնարկի գերեզմանոց տանող ճանապարհի բարեկարգումը: