Աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակում է սրված մնալ իսկ դրա ֆոնին անցկացվող զորավարժություններն էլ ավելի սպառնալից բնույթ են ստանում։
Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի՝ «Գարնանային փոթորիկ» անվամբ զորավարժությունները։ Զորավարժություններում ներգրավված են Հյուսիսատլանտյան դաշինքի շուրջ 7 հազար զինծառայողներ՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Դանիայի, Լեհաստանի, Էստոնիայի և Իտալիայի զինված ուժերից։ ՆԱՏՕ-ի առաջապահ զորքերի հրամանատար գնդապետ Փոլ Քլեյթոնը պարզաբանել է, որ զորավարժությունները կապված են «ռուսական սպառնալիքի» հետ։
«Այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կողմից սպառնալիքը շարունակում է մնալ անվտանգության ամենամեծ խնդիրը ոչ միայն Էստոնիայի և Բալթյան մյուս երկրների ու Լեհաստանի համար, այլև՝ Արևելյան Եվրոպայի պետությունների», – ասել է Քլեյթոնը: Ըստ նրա, 2022-ին նախատեսվում է զորավարժություններում ներգրավված զինծառայողների թիվն ավելացնել:
«Գարնանային փոթորիկն» իրականացվում է Ռուսաստանի հետ սահմանի երկյանքով։ Ցամաքային ուժերին զուգահեռ գործում են նաև դաշինքի երկրների օդային ու ռազմածովային ուժերը:
Դեռևս մայիսի 8-ին ԱՄՆ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 700 զինվոր դեսանտ է իջեցվել Էստոնիայում, նրանց հետ մեկտեղ՝ մարտական տեխնիկա ու սարքավորումներ։ Ինչպես նշվում է Էստոնիայի զինված ուժերի տարածած հաղորդագրության մեջ՝ դեսանտը իջեցվել է գիշերը՝ հնարավորինս մոտ իրական մարտավարական իրավիճակին։ Զորավարժությունները ղեկավարում էր Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը: ԱՄՆ զորքերի ժամանումը Էստոնիա իրականացվել է ՆԱՏՕ-ի մեկ այլ զորավարժության՝ Swift Response-ի (Արագ արձագանքում) շրջանակներում, որը մեկնարկել էր մայիսի 5-ին և ավարտվել մայիսի 14-ին: Այս զորավարժությունների ընթացքում Էստոնիայից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից ավելի քան 2500 զինծառայողներ «գործողություններ կատարեցին ճգնաժամի դեպքում հանրապետությունը պաշտպանելու համար»:
«Արագ արձագանքում» զորավարժությունները մաս են կազմում վերջին 25 տարվա ընթացքում Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի անցկացրած ամենամեծ զորավարժության՝ Defender Europe-ի (Եվրոպայի պաշտպան)։ Դրանց մասնակցում է 26 երկրի 28 հազար զինծառայող։ Զորավարժությունները միաժամանակ անցկացվում են մեկ տասնյակից ավելի երկրներում՝ մեծ թվով ռազմական տեխնիկայի ներգրավմամբ։
Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի մեծ մասը կենտրոնացած է Սև ծովի և Բալթյան տարածաշրջաններում:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի վերջին նշել էր, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքին։
Մայիսի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ դաշինքը Ռուսաստանի հետ պատրաստ է երկխոսության․ «Սա Ռուսաստանի համար մեր երկկողմ մոտեցման հիմքն է: Զսպում, պաշտպանություն և երկխոսություն», – ասել էր նա: Այնուամենայնիվ, գլխավոր քարտուղարն իր խոսքում շեշտել էր, որ Մոսկվան «շարունակում է ագրեսիվ վարք ցուցաբերել»:
Ի պատասխան դրա, Կրեմլն ու ՌԴ ԱԳՆ-ն անհիմն որակեցին ՆԱՏՕ-ի՝ Մոսկվային ուղղված մեղադրանքները:
Աղբյուրը՝ Gazeta.ru, Интернет-журнал “Военно-политическая аналитика” /https://vpoanalytics.com/
Արամ Խաչատրյան