Եկավ, տեսավ, մնաց
Բյուրականի աստղադիտարանի տնօրենն իրական հայտնություն է համարում ռուս ռելոկանտի՝ նախորդ տարում իրենց թիմին միանալը։ Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արեգ Միքայելյանը պատմեց, որ մասնագիտությամբ ինժեներ տղամարդը, լսելով աստղադիտարանի մասին, եկել է Բյուրական եւ խնդրել վարձով տարածք տրամադրել՝ ապրելու համար։
«Մի երկու հարց տալուց հետո հասկացա, որ կարող է համատեղել հաճելին օգտակարի հետ։ Այսօր նա մեր լավագույն ինժեներներից է»,- նշեց Միքայելյանը։
«Azg.am»-ի հարցին, թե 2023-ին այլ օտարազգիների կամ արցախցիների աշխատանք չե՞ն ընդունել, տնօրենն արձագանքեց․«Աշխատանքի մեկ այլ ռուս ռելոկատնի էլ էինք ընդունել, բայց նա հետո Իտալիա մեկնեց, այնտեղ աշխատանքի անցավ։ Ի դեպ, իտալացիներին որպես որոշիչ կամ համոզիչ փաստ էր ներկայացրել «Բյուրական»-ում աշխատելու հանգամանքը։ Նախորդ տարի մեզ մոտ աշխատանքի ենք վերցրել նաեւ Արցախից բռնի տեղահանված երկու հայրենակցի»։
Սեւակ Վարդումյան