Իրանում մասնագետները շահագործման են հանձնել Կասպից ծովի հարավային ափի Գիլանի նահանգում գտնվող Ռաշթ-Կասպյան երկաթուղային գիծը, որը «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի մաս է կազմում: Այդ մասին հաղորդել է Իրանի կառավարությունը։
Իրանի հյուսիսում գտնվող Ռաշթ քաղաքից մինչև Կասպյան նավահանգիստն ընկած հատվածը Ռաշթ-Աստարա երկաթուղու շինարարության սկզբնական փուլն է։ Ապագայում նախատեսվում է Կասպյան նավահանգստից անցկացնել ուղիների հաջորդ հատվածը` արդեն մինչև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Աստարա քաղաք։
«1403 թ. գարնան վերջին օրը (իրանական օրացուցային տարին սկսվել է 2024 թ. մարտին) նախագահի պաշտոնակատարի (Մոհամմադ Մոխբեր) մասնակցությամբ շահագործման է հանձնվել Ռաշթ-Կասպյան երկաթուղու մի հատվածը», – Իրանի կառավարության հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Իրանական ISNA լրատվական գործակալության տեղեկատվությամբ՝ Ռաշթ-Կասպյան երկաթուղին Իրանի երկաթուղային ամենակարևոր և առավել առաջնահերթ նախագծերից մեկն է «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքն ավարտելու համար։ Այս նախագիծը մեծ նշանակություն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների և Եվրոպայի հետ Իրանի առևտրի համար։
37 կիլոմետր երկարությամբ Ռաշթ-Կասպյան երկաթգիծը թույլ է տալիս միացնել Իրանի հարավային և հյուսիսային նավահանգիստները` կապող օղակ հանդիսանալով Կասպից ծովի և Պարսից ու Օմանի ծոցերի միջև: Այս երկաթուղային նախագծի վրա աշխատանքներն սկսվել են հինգ տարի առաջ: