ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի մարտական շփման գծում, կորոշի Ռուսաստանի Դաշնության ճակատագիրը «երկար տարիներ»: Դրա մասին ՌԴ նախագահը հայտարարել է ԱԹՍ-ների արտադրության տեղական շուկայի գործունեության անկման քննարկման համատեքստում, գրում է «Коммерсантъ»-ը։
Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում նախագահը դիմել է պրոֆիլային փոխվարչապետ Վիտալի Սավելևին և ընթերցել մի շարք չափանիշներ, ըստ որոնց Ռուսաստանում անօդաչու սարքերի արտադրությունը նվազում է: «Բոլորս հիանալի հասկանում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում մեր մարտական շփման գծում, ճակատում, անկեղծ ասած, մեծ մասամբ կանխորոշելու է մեր երկրի կյանքը երկար տարիներ, իսկ գուցե տասնամյակներ առաջ»,-ընդգծել է նախագահը։
Դրանից հետո ՌԴ նախագահը նշել է, որ «միևնույն ժամանակ զարմացած և հիացած է» փաստով, որ ռուսաստանցի զինվորականները մարտական պայմաններում ինքնուրույն նախագծում են անօդաչու թռչող սարքեր և կիրառում դրանք մարտական գործողություններում։
Ըստ Պուտինի՝ դա վկայում է նրա մասին, որ Ռուսաստանում «ստեղծվել է այնպիսի միջավայր, որը նման մասնագետներ է գեներացնում»։
«Բայց եթե նվազեցնենք այս միջավայրի ցուցանիշները, թե՛ քաղաքացիական, թե՛ պետական անվտանգության ապահովման ոլորտում, մենք անօդաչու սարքերով այսօր լուծվող խնդիրներն արդեն վաղն ի վիճակի չենք լինի լուծելու»,-նշել է ՌԴ նախագահը։