Թեկնածուների 80 տոկոսը, որոնք ներկայացվում են արդարադատության նախարարի պաշտոնի համար, ասում են, որ գոհ են այն պաշտոնից, որ հիմա զբաղեցնում են և ուզում են մնալ իրենց տեղերում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ի վերջո չի հաջողվում նախարար ընտրել:
«Ստացվում է՝ մարդուն տանում, ինչ-որ տեղ նշանակում ես, ինքը մեկ ամիս կամ մեկ տարի աշխատում է, հետո դու իրեն պոկում ես, բերում այլ տեղ: Մենք սխալ բան ենք արել, քննարկում ենք բոլոր թեկնածուներին՝ անկախ նրանից այդ թեկնածուն իր համաձայնությունը տվե՞լ է, թե չի տվել: Մենք, այնուամենայնիվ, հնարավորություն ենք ընձեռում ելույթ ունենալ, որպեսզի ավելի բաց լինի»,- ասաց նա:
Սիմոնյանը նշեց՝ թեկնածուները չեն ցանկանում լինել նախարար, որովհետև իրենք լուրջ մասնագետներ են իրենց ոլորտներում։
«Մենք էլ ցանկանում ենք ծանրակշիռ մարդկանց առաջադրել: Բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք արդեն կունենանք թեկնածու»,-ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ նոր անուններ կան, բայց չի կարող ասել:
Լրագրողների ճշգրտող հարցին՝ գործո՞ւմ է այն սկզբունքը, որ արդարադատության նախարարի թեկնածուն անպայման պետք է լինի կուսակցության անդամ, Սիմոնյանն պատասխանեց՝ կարծում է՝ այդ կետն արդեն պետք է վերանայել, հնարավորություն տալ թեկնածու առաջադրել այս պահին ՔՊ անդամ չհանդիսացող անձանց:
«Մենք նմանատիպ լավ փորձեր ունենք»,- նկատեց Սիմոնյանը:
Հաջորդ հարցին՝ կադրերի սո՞վ կա, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում սով կա։ Մարդկանց ռեսուրսների խնդիր կա բոլոր բնագավառներում։ Մասնավորապես, եթե մենք խոսում ենք այնպիսի պատասխանատու ոլորտի մասին, ինչպիսին է արդարադատությունը: Այստեղ մենք բազմաթիվ խնդիրներ ենք տեսնում, նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեսանկյունից ենք նայում. պետք է մասնագետ լինի, որ այդ պայմանագրի հետ առնչություն ունենա»:
Ինչ վերաբերում է թեկնածուների մերժման չափանիշներին ու պատճառներին, Ալեն Սիմոնյանն ասաց. կ
«Կոնկրետ չափորոշիչ չկա, որ դու բոյով ես, կամ ցածրահասակ ես, և մենք քեզ չենք ընտրում: Քննարկել ենք, հարցեր ենք տվել, թեկնածուներն իրենց տեսլականն են ներկայացրել: Որոշումն այդպես է կայացվել, որ դեռ չունենք այն ցանկալի թեկնածուին, որին մենք այդ մեծ բեռը կտանք»:
Ամփոփելով՝ Ալեն Սիմոնյանը հստակեցրեց, որ արդարադատության նախարար լինելու համար իրավաբանական կրթությունը պարտադիր է: