Արդեն 15 անձ բերման է ենթարկվել։ Այս թիվն ավելանում է. նախ 9, հետո 11, հիմա արդեն տեղեկություն ստացանք, որ 15 անձ բերման է ենթարկվել։ Ընդ որում՝ փաստաբանների մի մասի աշխատանքը խոչընդոտվում է, նրանց թույլ չեն տալիս ներս մտնել։ Այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Որոշ փաստաբանների ահազանգից հետո հաջողվել է ներս մտնել։ Այս պահին տեղեկություն ունենք, որ մեկ անձի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել։ Մեղադրանքն էլի նույնն է. իբրև թե բարեգործական գործունեության արգելքը։ Սա արդեն ձեռագիր է։ Մենք արդեն կարող ենք հստակ ասել, որ իշխանությունը նպատակ ունի նմանատիպ գործողություններով փորձել իմիտացիա ստեղծել, թե մեր կուսակցությունը բարեգործական գործունեության արգելքի միջոցով փորձում է հակաօրինական գործողություններ իրականացնել։
Այս շինծու քրեական գործերը մեկ նպատակ են հետապնդում՝ իրավապահ գործիքակազմով փորձել վախեցնել մեզ։ Սա թույլ իշխանությունների վախի դրսևորումն է։ Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ հիմա էլ պնդում ենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում է «Ուժեղ Հայաստան»-ից և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանից։ Տարբեր միջոցներով, այդ թվում՝ այս հակաօրինական գործողություններո, փորձում է ճնշումների միջոցով իր համար խնդիր լուծել։ Ես ենթադրում եմ, թե դա ինչ խնդիր է։ Ըստ էության ՔՊ-ականներն էլ խոստովանում են այս ամբողջ գործընթացի նպատակը. իրենք նպատակ ունեն իբրև թե հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»-ը։
Արդեն պարզ , որ սա ուղիղ քաղաքական հետապնդում է, և իշխանությունը փորձում է այս կերպ էլ ավելի երկարաձգել իր իշխանավարումը, քանի որ հասկանում է, որ կորցնում է իշխանությունը։ Բայց մենք այս փոքրիկ վրեժխնդրությունից չենք վախենում։ Մենք գնալու ենք մեր նախանշած ուղով, և այս ամենը մեզ չի կանգնեցնելու»,- ասաց Մարիաննա Ղահմանյանը։
Նա միաժամանակ նշեց, որ առայժմ չի կարող հայտնել բերման ենթարկվածների անունները, միայն կարող է ասել, որ նրանք Արտաշատի իրենց գրասենյակի աշխատակիցներ են։








