Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ոստիկանական Գվարդիայի ձևավորման վերաբերյալ քննարկում՝ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ, որին մասնակցել են Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Հայկ Բաբայանը, պետական մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից, բացման խոսքում նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդգծել է ոստիկանության ոլորտի նախանշված բարեփոխումների շարունակականության ապահովումը՝ նշելով, որ այս հանդիպմամբ զարկ է տրվում Ոստիկանական Գվարդիայի ձևավորման աշխատանքների պլանավորմանը, ինչը չափազանց սպասված է: Գվարդիան ընդգրկելու է Ոստիկանության զորքերը, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը և ուղեկցող գումարտակները:
Ըստ այդմ՝ Գվարդիան, ըստ էության, սպասարկելու է հիմնական հետևյալ գործառույթները. հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների, ներկայացուցիչների անվտանգության ապահովմանը աջակցելը:
Անդրադառնալով միավորվող կառույցներին՝ Սարգսյանը նշել է նաև, որ ներկայում Ոստիկանության զորքերին բնորոշ է արտաքին անվտանգության և իրավակարգի ապահովման պետական ֆունկցիաների (համապատասխանաբար արտաքին և ներքին) զուգակցում, որը չի բխում ոստիկանության առջև օրենքով դրված խնդիրներից: Ոստիկանության զորքերում ծառայություն անցնելու կարգը գտնվում է ռազմաիրավական օրենսդրության տիրույթում և լինելով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում՝ ծառայությունն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով: Ուստի, անհրաժեշտ է ոստիկանական զորքերի ապառազմականացում և «մաքուր» ոստիկանական ծառայության իրականացում Գվարդիայի տանիքի ներքո:
Աղբյուր՝ 168.am