Հունիսի 22-ին Ադրբեջանի Միլի մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը խորհրդարանական հերթական նիստի ժամանակ խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։
«Մենք այժմ պետք է պատրաստ լինենք ոչ միայն սահմանների բացմանը, այլև Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցության համար «Արևմտյան Զանգեզուրում» (Սյունիքի մարզ.- խմբ․) 42 կմ-անոց ճանապարհի կառուցմանը»։ Օրուջը բառացի նշել է, որ սա Հայաստանի վրա ճնշում բանեցնելու միջոց է, և բխում է ոչ թե խաղաղասիրական օրակարգից, այլ այդ «շինարարական միջոցառումները 44-օրյա պատերազմի շարունակությունն են»։
168 ТV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ադրբեջանցի պաշտոնյայի նման սկանդալային հայտարարությանը մեկ օր անց էլ չարձագանքելը մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը պատահական չհամարեց։
«Պետք չի Հայաստանի իշխանությունից որևէ արձագանքի սպասել, որովհետև, ակնհայտ է՝ երբ դու գործարքի մեջ ես ու թշնամու ձեռքին տալիս ես զենք՝ տեղեկատվական, պարզ է, որ պետք է վախենաս այդ թշնամուն պատասխանել։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը համր ձևանում, երբ Ալիևը հոխորտում է. պատճառը պարզ է, Ալիևի ձեռքին կան փաստեր, որոնք Փաշինյանի գերեզմանը կփորեն, եթե Ալիևը դա հրապարակեց. սա ինքը՝ Փաշինյանը, գիտի, իսկ այն էլ, ինչ Ալիևը դեռ չի ուզում ասել իր բերանով, ասում է Օրուջի բերանով»,- ասաց Հոխիկյանը՝ ընդգծելով, որ ՀՀ գործող իշխանությունը երկիրը տանում է երկրորդ կապիտուլյացիայի, և այդ նպատակով է, որ բանակի վրա փող ծախսելու փոխարեն՝ փող է ծախսում ասֆալտներ փռելու համար՝ զուգահեռաբար բանավոր պայմանավորվածություններով հանձնելով հայկական տարածքները։
«Հիմա հուլիսին պայմանավորվել են, որ հանձնեն Բերձորը, որի վերաբերյալ չկա որևէ գրավոր պայմանավորվածություն։ Նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ Բերձորի հանձնման մասին խոսք չկա, խոսք կա ընդամենը այլընտրանքային ճանապարհի մասին, որը պետք է անցներ Լաչինի միջանցքով, սակայն իրականում այսօր կառուցվող այդ այլընտրանքային ճանապարհը չի մտնում Լաչինի միջանցքի մեջ»,- ասաց Հոխիկյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում