Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել են նոր բանաձևեր, որոնք դատապարտում են Բաքվի ռեժիմի ապօրինի գործողությունները և կոչ անում ազատ արձակել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարության ու ընդհանրապես բոլոր հայ գերիներին:
Ինչպես ենթադրվում էր, Բաքվում ջղաձգորեն են ընդունել հոլանդական պառլամենտի երկու բանաձերը:
«Մենք կտրականապես մերժում ենք Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից հակաադրբեջանական հերթական երկու բանաձեւերը»,-ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
Նրա խոսքով, «անընդունելի է, որ Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Կասպար Վելդկամպն իր ելույթի ժամանակ աջակցություն է հայտնել այդ կողմնակալ բանաձևերին և կոչ արել ազատ արձակել նախկին անջատական ռեժիմի ներկայացուցիչներին և Ադրբեջանի կողմից ձերբակալված ահաբեկիչներին, նրանց ներկայացնելով որպես «ռազմագերիներ»։
«Ցավալի է, որ նշված փաստաթղթերը և արտահայտված կարծիքները լիովին անտեսում են մեր երկրի դեմ ժամանակին իրականացված ռազմական օկուպացիայի, ադրբեջանական բնակչության էթնիկ զտումների և Ադրբեջանի նկատմամբ հայկական կողմի շարունակվող տարածքային պահանջների փաստը»,- բարբաջել է Հաջիզադեն: