Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել Է կառավարության հրաժարականի մասին, որը տեղի Է ունեցել նախագահ Մայա Սանդուի հետ նախարարների կաբինետի անդամների խորհրդակցություններից հետո. տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:
Մոլդովայի իշխանությունները հրաժարականի պատճառի մասին ոչ մի հայտարարություն չեն արել։
Վարչապետ Նատալյա Գավրիլիցան ճեպազրույցում ասել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում իր գլխավորած գործադիրն աշխատել է անդադար ճգնաժամի պայմաններում։ Նա ակնարկել է, որ կառավարությունն աջակցություն չի ստացել բնակչության կողմից։
Ըստ օրենքի՝ նախագահն ստորագրում Է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը, կաբինետը շարունակում է իր պարտականությունները կատարել մինչև կառավարության նոր կազմի երդմնակալությունը։
Նախագահը նոր վարչապետի թեկնածությունն առաջադրում Է խորհրդարանում, խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո։ Վարչապետի պաշտոնի թեկնածուն 15 օրվա ընթացքում խորհրդարանին Է ներկայացնում և վստահության քվե խնդրում նախարարների նոր կաբինետի համար։ Իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը 63 պատգամավորական մանդատ ունի խորհրդարանում։ Կառավարությունը հաստատվում է պարզ մեծամասնությամբ՝ 101 պատգամավորից առնվազն 51-ի քվեարկությամբ։