Ուկրաինական բանակը չի կարող ինքնուրույն վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը։ Այս մասին ֆրանսիական Le Parisien թերթին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Զելենսկիին հարց է ուղղվել, թե ինչ փոխզիջումների է նա պատրաստ պատերազմին վերջ տալու համար, արդյոք պատրա՞ստ է գոնե ժամանակավորապես հրաժարվել Ղրիմից կամ Դոնբասից։
«Մենք չենք կարող զիջել մեր տարածքները: Ուկրաինայի Սահմանադրությունն արգելում է մեզ դա անել: Դե ֆակտո այդ տարածքները այժմ վերահսկում են ռուսները: Մենք ուժ չունենք դրանք վերադարձնելու: Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային դիվանագիտական ճնշման վրա՝ ստիպել Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ», – պատասխանել է Ուկրաինայի նախագահը:
Հարցին էլ, թե պատրա՞ստ է արդյոք նույն բանակցությունների սեղանի շուրջ նստել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Զելենսկին պատասխանել է. «Կարևորն այն չէ, թե ով է նստած ձեր դիմաց, կարևոր է, թե ինչ վիճակում եք դո՛ւք, երբ բանակցում եք։ Ես չեմ կարծում, որ մենք թույլ դիրքում ենք, բայց ուժեղ դիրքում էլ չենք»։