Նիկոլ Փաշինյանը Արարատ լեռան պատկերը Հայաստան մուտքի և ելքի սահմանային կնիքից հանելը բացատրում է Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունն ամրապնդելու փաստով։
«Մենք դա անում ենք Հայաստանը միջազգայնորեն պատասխանատու գործընկեր դարձնելու նպատակով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններում նման հարցեր չեն քննարկվել և չեն կարող քննարկվել։
Ըստ Փաշինյանի՝ կնիքի հարցը բարձրացվել է ամիսներ առաջ, երբ որևէ համաձայնություն չի եղել Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցչի՝ Հայաստան այցի վերաբերյալ:
Միաժամանակ Փաշինյանը շեշտեց՝ անվտանգության ռազմավարության տեսանկյունից առանցքային է լեգիտիմության գործոնը։
«Մենք ինքներս պետք է ճանաչենք և ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու իրավասությունը միջազգայնորեն ճանաչված տարածքների և սահմանների շրջանակում։ Մենք դա անում ենք, քանի որ ցանկանում ենք ապահովել մեր պետության երկարակեցությունը, իսկ դրա համար պետք է պետությունը մտցնենք ճիշտ աէրոդինամիկայի մեջ։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի միջազգայնորեն պատասխանատու գործընկեր և ապրի միջազգայնորեն ճանաչված նորմերով։ Հայաստանը առաջնորդվում է այս տրամաբանությամբ և լեգիտիմության ռազմավարությամբ»,- նկատեց Փաշինյանը։
Վարչապետը նաև հիշեցրեց, որ այդ դրոշմը գոյություն չի ունեցել մինչև 2004 թվականը՝ հարցնելով. «Ի՞նչ էր նշանակում դրա բացակայությունը»։
«Իսկ ի՞նչ էր նշանակում այդ դրոշմի հայտնվելը։ Ո՞րն է այդ դրոշմի բացակայության, ապա դրա հայտնվելու ենթատեքստն ու քաղաքական նշանակությունը։
Ի՞նչ խնդիր էին ձգտում լուծել այն պաշտոնյաները, ովքեր ընդունել էին այդ որոշումը։ Միգուցե լուծում էին լեգիտիմության հարցը։ Լեգիտիմությունը, այդ թվում՝ ներքաղաքական, շատ կարևոր է։ Երբ դու ընտրված չես Սահմանադրության տիրոջ կողմից, պետք է լեգիտիմության աղբյուր գտնես՝ ինչ-որ տեղ լեռան լուսանկար կպցնես, ընկալումը տարածես Հայաստանի սահմաններից դուրս, որպեսզի ներսում քողարկես ոչ լեգիտիմ իշխանության փաստը։
Ապագայում մանրամասն կանդրադառնամ դրան։ Եթե մենք ուզում ենք որևէ բան ցույց տալ կնիքով, ապա դա պետք է կապված լինի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի հետ։ Այս պահին նման անհրաժեշտություն ես չեմ տեսնում»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։