Մարդու իրավունքների միջազգային ընկերությունը (IGFM) հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը։ Ընկերությունը նաև դատապարտել է արցախցի 19 երեխայի նկատմամբ ադրբեջանցիների ոտնձգությունը։
Հայտարարության մեջ ասվում է.
«57 օր շարունակ Լեռնային Ղարաբաղում շուրջ 120 հազար հայեր արգելափակված են ադրբեջանցի «ակտիվիստների» և զինվորների կողմից։
Մենք հաղորդումներ ենք ստացել, որ 19 երեխա, որոնց վերջերս թույլ են տվել տուն վերադառնալ, ենթարկվել են վատ վերաբերմունքի և ոտնձգությունների։
Ռուսական զորքերի տեղափոխման ժամանակ ավտոշարասյունը կանգնեցվել է, մեքենաների մեջ նստել են ադրբեջանցի «բնապահպանները»։ Նրանք ապօրինի նկարահանել են երեխաներին և նրանց նկատմամբ հոգեբանական բռնություն կիրառել, ինչի հետևանքով մեկ երեխա կորցրել է գիտակցությունը։
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժն արգելափակող ենթադրյալ «բողոքի ակցիաներ» կազմակերպելը և աջակցելը»։