ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպան 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, նրանց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։
ԱԱԾ-ից հայտնում են, որ այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստանալով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն և ընդունելով այն, պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որպիսի պայմաններում իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ 2022 թվականի փետրվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ գաղտնի դրոշմով տարբեր բովանդակության փաստաթղթեր, իր ծառայության վայրի, ստորաբաժանումների ուղղվածության, տեսակի և քանակի, ինչպես նաև նշված ստորաբաժանումների կողմից ՀՀ արևելյան և հարավային ուղղություններում ծառայություն իրականացնելու վերաբերյալ տվյալները, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից տարբեր օրերի ընդհանուր ստացել է 19.700 ԱՄՆ դոլար գումար՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: