Ալեն Սիմոնյանի համար` 90 մլն դրամ արժողությամբ մեքենա։
Պարեկների համար` 3մլրդ 107 միլիոն դրամի ամենագնացներ։
Ոստիկանության միայն մեկ ամսվա պարգևավճարը՝ 3 միլիարդ դրամ։
2022 թվականի տարեվերջին ամանորյա լուսավորության համար ծախսվել է 2 միլիոն դրամ։
500 հազար դոլար՝ վարչապետի ընտանիքի 5 ամենագնացների համար։
Իսկ տարածաշրջանում ամենամարտունակ բանակի՝ Հայկական ԶՈՒ-ի «փշրանքներն» այսօր անուշադրության են մատնված։
Հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանը նախկին լքված տուն է եղել՝ պատուհաններին՝ ճաղավանդակ, փայտե առաստաղով։ Այսինքն՝ հրդեհի ճիրաններում հայտնված զինվորները ցանկության դեպքում չէին էլ կարող դուրս թռչել պատուհաններից։
Ադրբջանցիներն անցյալ տարի լուսանկարներ հրապարակեցին, և միայն այդ ժամանակ իմացանք, որ Սյունիքում մեր զինվորները սպիտակ վրանների տակ են ապրում՝ թշնամու ուղիղ նշանակետի տակ։
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 2022-ի դեկտեմբերի 9-ին հայտարարել է՝ դիրքերի այսպիսի կահավարում նախկինում չի եղել, զինվորներ կփրկվեն։
Զինվորները մոմլաթե կտորներ են գցում ցեխի վրա, հետո պառկում, որ գոնե հագուստները չթրջվեն։ Վերջերս էլ Կապանում ծառայող զինվորներից մեկը պատմեց, որ քանի որ ցրտերն ընկել են, իրենց մի քլունգ են տվել ու ասել՝ սա է մեր ունեցածը, քլունգով փայտ կտրեք, վառեք, տաքացեք։ Խմելու ջուր չունեն անգամ։ Մեր աղբյուրը, որը զինվոր է, հասկանալի պատճառներով խնդրեց, որպեսզի անանուն մնա։