ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ գագաթնաժողովին ՀՀ դե-ֆակտո վարչապետի ելույթի հետքերով․
1. Մի քանի անգամ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կոչվեց «ագրեսիա», բայց ոչ երբեք «պատերազմ», որը ոչ թե բառախաղ է, այլ ենթադրում է միջազգային իրավական համապատասխան համաշար։
1.1. Նշվեց, որ սա «սահմանային կոնֆլիկտ» չէ, այն դեպքում, երբ պատերազմի առաջին իսկ օրը դե-ֆակտո իշխող կուսակցության կողմից եղել են նման հայտարարություններ։ Նման ոչ կոհերենտ և անլուրջ խմբակի ոչ մեկը միջազգային ասպարեզում բանի տեղ չի դնելու։
2. Ներքին տեղահանված անձանց (internally displaced persons) մասին չօգտագործվեց հենց այդ միջազգային իրավական տերմինը, փոխարենը կիրառվեց «տեղահանված»՝ իրավական ծանրաբեռնում չունեցող բառը։
3. Միջազգային իրավաղաքական աճուրդի դրվեց Հայաստանի տարածքը՝ այն սահմանելով «29800 կմ²»՝ այսինքն թշնամուն լռելյայն հանձնելով Տիգրանաշենը, հյուսիս-հարավ ճանապարհը, տավուշյան գյուղերն ու Ռուսաստան տանող մայրուղին՝ դրանով է՛լ ավելի մեծացնելով վերջինիս ախորժակը։ Խեղկատակության աստիճանի անպատասխանատվությամբ թշնամական երկրի նախագահից խնդրվեց մի քարտեզ, որտեղ Հայաստանը կա, այն դեպքում, երբ թշնամու քարտեզներում Հայաստան չկա։
4. ՀՀ դե-յուրե դաշնակցի հանդեպ հեռակա թունոտ ակնարկների ֆոնին՝ անհասցե կոչ արվեց վերացական միջազգային հանրությանը՝ դիտորդական առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման։
5. Խղճուկ խոստովանություն արվեց, որ թշնամին բանակցություններին միակողմանիորեն պարտադրում է իր օրակարգը, չի ձգտում որևէ խաղաղության, պահանջում է միջանցք՝ ինքը հրաժարվելով ճանապարհներ տրամադրել Հայաստանին։
6. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» պետականաստեղծ իմաստ պարունակող արտահայտության փոխարեն կիրառվեց թշնամական օրակարգն սպասարկող «Լեռնային Ղարաբաղում ապրող հայեր» արտահայտությունը՝ դրանից բխող ամենաթշնամական հետևանքով՝ Արցախը հանձնվում է Ադրբեջանին։ Բնականաբար, ոչ մի խոսք չասվեց Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի մասին, որ ներկայացվել է ընտրողներին դե-ֆակտո իշխող կուսակցության՝ 2021 թ․ նախընտրական ծրագրում։
7. Մանիպուլյատիվ սուտ հնչեցվեց, թե 2021 թ․-ին ժողովուրդն աջակցել է «խաղաղության օրակարգին»։ Նախ՝ դա խաղաղության օրակարգ չէ, այլ նոր կապիտուլյացիայի, այդ թվում՝ Արցախի ու ՀՀ նորանոր տարածքների՝ թշնամուն հանձնելու օրակարգ, որին, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, Հայաստանի բնակչության մեծ մասը դեմ է։ Թարմ օրինակ՝ հունիսին հարցվածների 85.4% ասել է, որ Ադրբեջանը նպատակ ունի նոր տարածքներ զավթել Հայաստանից, իսկ 83.3% դեմ է Արցախի բնակչությանն
ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանին հանձնելուն։
քաղաքագետ Էդգար Էլբակյան