«Անկախ դիտորդը» ստացել է տեղեկություններ, որ ՀՀ տարբեր համայնքների վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին և տարբեր համայնքային ենթակայության հիմնարկների ներկայացուցիչներին հրահանգվել է մասնակցել սեպտեմբերի 15-ին ժամը 18։00-ին Երևանում նախատեսվող երթին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Բացի մասնակցության կամավոր/պարտադիր բնույթը, սա նաև նշանակում է, որ այդ համայնքներից երթի մասնակիցները մեկնելու են իրենց աշխատանքային ժամերին։
Հիշեցնում ենք, որ
– Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների և մարդկային ռեսուրսների օգտագործումը պատժվում է տուգանքով։ (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, հոդված 40․8)
– Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ նախընտրական քարոզչություն կատարելուն, հավաքին մասնակցելուն հարկադրելը պատժվում է ազատազրկմամբ։
(Քրեական օրենսգիրք, հոդված 211, հոդված 236)
Ահազանգերի և իրավաբանական աջակցության կարիք ունենալու դեպքում կարող եք զանգահարել՝ 077342268, 041123302 հեռախոսահամարներով։