Աշխատանքի միջազգային օրը Հունաստանում նշում են զանգվածային գործադուլներով և ցույցերով, որոնց մասնակցում են արհմիությունները:
Արհմիությունների 24-ժամյա գործադուլի պատճառով բոլոր նավերը մայիսի 1-ին կմնան նավահանգիստներում։ Տրանսպորտային ընկերությունների աշխատակիցները որոշել են մի քանի ժամ դադարեցնել աշխատանքը. Աթենքում ավտոբուսները և տրոլեյբուսները չեն աշխատի ժամը 09.00-ից մինչև 21.00-ն։
Աթենքի մետրոն և տրամվայը չեն աշխատի ամբողջ օրը, չեն աշխատի նաև մերձքաղաքային գնացքները։ Սալոնիկն ամբողջ օրը կմնա առանց քաղաքային ավտոբուսների՝ 24-ժամյա գործադուլի պատճառով։
Աթենքում տեղի կունենան խոշոր արհմիությունների ցույցեր։
«Համահունական մարտական ճակատ» (ПАМЕ) կոմունիստական արհմիությունը ցույց կանցկացնի երկրի խորհրդարանի մոտ։
Հունաստանի Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան (GSEE), Պետական ծառայողների արհմիության բարձրագույն խորհուրդը և Աթենքի աշխատանքի EKA կենտրոնը հանրահավաք կանցկացնեն Կլատմոնոս հրապարակում՝ կոմունիստներից մի քանի հարյուր մետր հեռու։
Հույն կոմունիստների կարծիքով՝ վերջերս տեղի ունեցած ժողովրդական զանգվածային ելույթները եվրոպական շատ երկրներում ցույց են տալիս միակ ուղին, որը կարող է հանգեցնել մարդու կողմից մարդու շահագործման վերացմանը։ «Դրանք ցույց են տալիս, որ վարձու ստրկությունից բանվոր դասակարգի ազատագրման պայքարը կապիտալիզմի շղթաներից մարդկության ազատագրման ուղին է»,- նշվել է հայտարարությունում։
Հունաստանի Կոմկուսը զգուշացնում է, որ բուրժուական ցանկացած կառավարություն, որը կձևավորվի մայիսի 21-ի ընտրություններից հետո, օբյեկտիվորեն կնպաստի հակաժողովրդական քաղաքականության սրմանը Հունաստանում։ Հունաստանի կոմունիստական կուսակցությունը կոչ է արել առաջիկա ընտրություններում քվեարկել իրենց օգտին։