Այս պահին էլ պատերազմ է, բայց խաղաղության կեղծ օրակարգ է առաջ քաշվում. Այս մասին հայտարարեց «Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, «Հայրենիքի կանչ» համահայկական ազատագրական միության ստեղծման ժամանակ։ Գասպարյանը նկատեց՝ պատերազմից մեկ տարի է անցել ու ոչինչ չի փոխվել։
«Լինելով սահմանամերձ շրջաններում, դիրքերում, գյուղերում տեսնում ենք մեր զինվորի վիճակը։ Եղբայրների հետ զրուցելիս հասկացա, որ ազգը պետք է միավորվի։ Միայն պատերազմի ժամանակ ենք ասում պետք է միավորվել, բայց այս պահին պատերազմ է։ Իրական պատերազմ է՝ Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է։ Կեղծ օրակարգ է դրված, իբրև խաղաղության դարաշրջան է բացվում, բայց դա կեղծ է։ Մեր բոլոր հարևանները, ամբողջ աշխարհը զինավարժություն է անում, բայց մենք կոչ ենք անում խաղաղության՝ չկա նման բան»։
Գասպարյանը կոչ արեց միավորվել առողջ ուժերին, իրական հայի տեսակին՝ նրանց, ովքեր պատրաստ են կյանքը հանուն հայրենիքի զոհել։
«Իմ համար բոլորը մեկ են՝ թե նախկինները, թե ներկաները։ Չկա ընդդիմություն ու իշխանություն։ Հայաստանը անտեր է, բոլորին կոչ եմ անում միավորվել, տեր կանգնենք մեր աշխարհին»։