Արևմտյան մի շարք մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում, որ Բաքուն և Երևանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում», սակայն հապճեպ նախապատրաստված, «հում» խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Արևմտյան մի շարք մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում, որ Բաքուն և Երևանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել գրեթե «առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»։ Մենք ելնում ենք նրանից, որ ստորագրման ժամկետները պետք է որոշեն իրենք՝ կողմերը։
Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը՝ հանուն պատեհապաշտ նկատառումների, այլ աջակցել տևական երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Դրանք պետք է հիմնված լինեն «տեղում» ստեղծված իրողությունների վրա, առաջին հերթին՝ ամենաբարձր մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների վրա։
Հապճեպ պատրաստված, «հում» խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին։ Ընդհակառակը, դա ապագայում նոր հակամարտությունների ու ողբերգությունների նախադրյալներ կստեղծի։ Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի լուծումների որակյալ պատրաստմանը», – ասել է Գոնչարը: