ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում հայտնել է, թե խորհրդարան անցած 3 քաղաքական ուժերից յուրաքանչյուրը քանի մանդատ կստանա նորաստեղծ խորհրդարանում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 8-րդ գումարման ազգային ժողովում կունենա 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։
Նիստի ընթացքում Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր ստացած 68 մանդատներից բացի կստանա ևս 3 տեղ ազգային փոքրամասնությունների՝ եզդի, ռուս, քուրդ պատգամավորների համար, «Հայաստան» դաշինքն էլ իր ստացած 26 մանդատներից բացի կստանա ևս մեկ լրացուցիչ մանդատ` ասորի պատգամավորի համար։
«Հայաստան» դաշինքը բացի այս 1 մանդատից, ստանալու է ևս 2 լրացուցիչ տեղ խորհրդարանում, քանի որ ընդդիմադիր կուսակցությունների մանդատները ընդհանուր թիվը պետք է լինի 36, ու քանի որ «Հայաստան» դաշինքն ավելի շատ ձայն է ստացել, լրացուցիչ այդ մանդատները տրվելու են իրենց: