Քիչ առաջ տեղեկացա, որ մեր գործընկեր, պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը ծանուցում է ստացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԿԶՆԱԿ-ի տնօրենից առ այն, որ նրա ղեկավարած բաժինը մարտի 27-ից լուծարվելու է: Այսինքն, շատ հավանական է, որ Արման Մալոյանը և իր բաժնի աշխատակիցները մնան առանց աշխատանքի. Տեղեկացնում է «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
Արման Մալոյանն այն գիտնականն է, որ հանգամանալից գրախոսական էր գրել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ու մատնանաշել այնտեղ տեղ գտած բազմաթիվ սխալներն ու վրիպակաները:
«Այդ ամենից հետո պարոն Մալոյանի նման պահվածքը կարծես թե այդքան էլ դուր չէր եկել տարբեր անձնաց: Ինձ հետ հանդիպման ժամանակ դասագրքի ստեղծումը իրականացրած Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը նշել էր, որ իր կողմից ընդունելի չեն Արման Մալոյանի՝ դասագրքի վերաբերյալ դիտարկումները, քանի որ վերջինս ԿԶՆԱԿ-ի աշխատակից է: Երբ գիտնականներով պետք է հանդիպեինք տիկին նախարարի հետ, սկսեցին խոչընդոտներ առաջանալ, որպեսզի Արման Մալոյանը մասնակցի այդ հանդիպմանը: Մինչդեռ կարծում եմ, որ հարկավոր է գնահատել սրտացավ, իր խոսքի իրավունքն օգտագործող գիտնականին: Դա բխում է պրոֆոսիոնալիզմի շահերից: Մենք դասագրքի վերաբերյալ ունենք մասնագիտական կարծիք, որը բխում է մեր երեխաների կրթության իրավունքներից և մեր պետությունում որակյալ կրթություն ունենալու շահերից:
Կարծում եմ ԿԶՆԱԿ-ի տնօրենը պետք է մեկնաբանի, թե ինչու է որոշվել լուծարել պարոն Մալոյանի ղեկավարած բաժինը և ինչպես է պատկերացնում Արման Մալոյանի նման պրոֆեսիոնալ և նվիրյալ աշխատակցի ապագան ԿԶՆԱԿ-ում»,-նկատել է Միքայել Բադալյանը։