Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգմանը մենք դեմ չենք, հակառակը կողմն ենք և կարծում ենք, որ դա Հայաստանի համար շատ կարևոր նախագիծ է։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ոչ միայն ընդունելի են, այլ նաև շահագրգռված ենք դրանով, որովհետև պետք է գործեն Հայաստանի սուվերենության ներքո ու պետք է բերեն եկամուտներ»,- նշեց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ մեզ համար անընդունելի է ՀՀ ինքինիշխանությունը կամ իրավազորությունը կասկածի տակ դնող որեւէ հայտարարություն, դա կարմիր գիծ է։
Վարչապետը վերահաստատեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում նախատեսված է միայն Լաչինի միջանցք, Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ։
Նրա խոսքով՝ նախագիծ է շրջանառվում Ադրբեջանի հետ 3 անցակետ բացելու մասին
«Մենք հենց վաղը կոմունիկացիաների բացման ուղղությամբ կարող ենք աշխատանքներ իրականացնել։ Արդեն երկար ժամանակ ՀՀ կառավարության օրակարգում շրջանառվում է մի նախագիծ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ, որոնցից մեկը Նախիջևանի սահմանին, երկուսը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ սահմանին։ Ուզու՞մ են ճանապարհ՝ մենք էլ ենք ուզում»,- ընդգծեց Փաշինյանը՝ պնդելով, որ ցանկացած միջանցք, որը մեր օրենսդրությամբ չէ, կարմիր գիծ է։
Նշենք, որ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը մեջբերեց Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի՝ «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հայտարարությունը։
Թուրք նախարարը հայտարարել էր, որ շուտով թուրքական կողմը կսկսի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին։