«Միասին» շարժումը բողոքի ակցիա է անցկացնում Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ գործող իշխանության հրաժարականի և Արցախի անկախության ճանաչման պահանջով։
Հանրահավաքին մասնակցում են նաև 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատները։
44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, իր ելույթում ասաց. «Բոլորս լավ գիտենք, որ թուրքը երբեք չի ուզում մեզ հետ կողք կողքի ապրել, թուրքն ուզում է մեր հողը, մեր հողի վրա, մեր տներում ապրել: Ամեն օր մեր շուրջը մահացու շրջանակը նեղանում է, և մենք տեսնում ենք Հայաստանի իշխանության անգործությունը։
Միակ բանը, որով նրանք զբաղված են, հանցավոր անգործությունն է, բանակի կործանումը, բռնաճնշումները, թշնամանք հրահրելը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում մեզ բարեկամ երկու երկրների՝ Իրանի և Ռուսաստանի դեմ։ Ուզում եմ դիմել մեր ռուս եղբայրներին. այն, ինչ նրանք անում են, հայ ժողովրդի ընտրությունն ու դիրքորոշումը չէ։ Մենք դարեր շարունակ կողք կողքի ենք, մենք ձեր կարիքն ունենք, դուք էլ մեր»։
«Միասին» շարժման ներկայացուցիչ, գրականագետ Սերժ Սրապիոնյանի խոսքով՝ ակցիան խաղաղ է, նա բարձրաձայնեց հավաքվածների պահանջը Հայաստանի խորհրդարանին, այն է՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նա հիշեցրեց, որ Արցախը անկախություն է հռչակել միջազգային իրավունքի բոլոր նորմերին և տարրերին համապատասխան, և Հայաստանը պարտավոր է ճանաչել ԼՂՀ անկախությունը։