Լրագրող Նաիրի Հոխիկյանի ՖԲ էջից, –
Ծուռ հայելիների թագավորությունը մեզանում դարձել է սովորական երևույթ, իսկ մազոխիզմը կարծես սկսել է հաճույք պատճառել մարդկանց։
Ադրբեջանը թռիչք է կատարել Նախիջևանից Բաքու հենց Հայաստանի տարածքով։ Հայ-հարայ, էս ինչ զուլում եկավ մեր գլխին։ Սա հականիկոլական շատ մարդկանց հիստերիկ արձագանքն է, իսկ իշխանության պահապան շները շտապում են հանգստացնել, թե նախկիններն են մեղավոր, օդային տարածքը միշտ բաց է եղել, մենք ի՞նչ անեինք։
Իրականում եթե նախկինաֆոբիայից ու նիկոլատյացությունից դուրս գանք և սառը նայենք, ապա ոչ մի սարսափելի բան չկա օդային տարածք տրամադրելու մեջ։ Պատերազմի ժամանակ մենք էլ Թուրքիայի օդային տարածքով քաղաքացիական օդանավերով զենք էինք բերում Հայաստան։ Իհարկե, ոչ Նիկոլի շնորհիվ։ ՌԴ հայ գործարարներն էին դա կազմակերպում, որի մասին անգամ Ալիևն է բարձրաձայնել։
Հիմա եկեք մի բաժակ սառը ջուր խմենք ու սթափ նայենք այսօրվա իրավիճակին’ առանց նիկոլական կամ հականիկոլական էմոցիաների։
Հայաստանը և Ադրբեջանը երբևէ օդային տարածք չեն փակել միմյանց առաջ, բայց ստեղծել են պայմաններ, որ չօգտվեն դրանից։ 2013-ից Ադրբեջանը չի թռչում Հայաստանի երկնքով, քանի որ Արցախի երկնքում թիրախավորել ու ոչնչացրել էր հայկական ուղղաթիռ, սպանել հայ սպաների, նաև հետևողականորեն դեմ էր հանդես գալիս Հայաստանի ծրագրերի իրականացմանը’ կապված օդագնացության և գեոստացիոնար դիրքերի հետ։ Դա խորը թեմա է, առանձին քննարկման ենթակա։
Հայաստանը չէր թռչում Ադրբեջանի օդային տարածքով, քանի որ թշնամին սպառնում էր հրթիռակոծել նույնիսկ քաղաքացիական օդանավերը, եթե դրանք հանկարծ հայտնվեն Արցախի երկնքում։ Հենց դա էր պատճառը, որ Ստեփանակերտի օդանավակայանը մինչև հիմա չի գործարկվել։
Հիմա քննարկվող հարցը, թե ինչու Ադրբեջանը հենց այս պահին որոշեց օգտվել Հայաստանի օդային տարածքից։ Դա նախևառաջ քաղաքական քայլ է, թուրքական դիվանագիտություն, որի խայծը հիմարաբար կուլ տվեցին Հայաստանի իշխանությունները։
Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, բայց ներքին կարգով չեն թույլատրվում նաև քաղաքացիական օդանավերի թռիչքները։ Սա Իրանի անթաքույց ուղերձն է Ադրբեջանին և Թուրքիային։ Այսօր թուրքական այդ երկու պետությունները միմյանց հետ կապվում են առաջին հերթին Իրանի ցամաքային և օդային տարածքով։ Իրանը հասկացրեց, որ կարող է մեկ քայլով առնվազն փակել թուրք-ադրբեջանական կապի փականը։
Հայաստանը, որպես Իրանի բնական դաշնակից, փոխանակ քաղցրացներ Թեհրանի կենացը, իրականում մեջքից դաշունահարեց’ այլընտրանքային օդային ճանապարհ տալով Ադրբեջանին։ Այլ կերպ ասած’ ՀՀ քաղաքական իշխանության պահվածքը նման է այն աղջկան, ում սիրեկանը միշտ ծեծում է, բայց նա էլի անում է սիրեկանի պահանջները, միայն թե չտարածվի, որ ինքը նրա սիրուհին է։
Այսպիսով, ամրագրենք, որ Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանին տալը անվտանգային հարց չի, այլ քաղաքական’ ընդդեմ Հայաստանի դաշնակից Իրանի։ Եվ դա այն պարագայում, երբ Իրանը պաշտոնապես հայտարարեց, թե թույլ չի տա ՀՀ տարածք մեր թշնամու ներխուժում։ Եթե Իրանը վաղը մի քայլ անի’ ի վնաս Հայաստանի տարածաշրջանային շահերի, չզարմանաք և չնեղսրտեք։ Իրանը չի մոռանում և չի ներում բարեկամների սխալները։
Հաճախ մենք մեծ ողբերգություն ու հիստերիա ենք սարքում փոքր խնդիրներից, իսկ իրական սպառնալիքներին նայում ենք եզան հանդարտությամբ։ Ռազմավարական մտածողություն է պետք։