Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ապագան փայլուն եմ տեսնում։ Թուրքիան ցանկանում է առաջ շարժվել, և դա կարևոր է։ Անկարան նման որոշում ունի, բայց ամենամեծ արգելքը Թուրքիայի և Ադրբեջանի՝ երկու պետություն, մեկ համայնք քաղաքականությունն է , լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Կարո Փայլանը։
«Հիմա այս երկու պրոցեսը միասնաբար քայլելու առիթ ունեն։ Մեկը մյուսի համար արգելք էր, բայց հիմա երկուսը միասնաբար կարող են առաջ շարժվել։ Այս ամիսները շատ որոշիչ պետք է լինեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Եթե արևմտյան երկները ևս մի փոքր օգնեն, համոզեն Թուրքիային և Ալիևին, կարծում եմ՝ ամեն ինչ կարող է առաջ տանել միասնաբար»,-ասաց Կարո Փայլանը։
Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է Թուրքիան ձգձգում հայ-թուրքական սահմանի բացումը, Փայլանը հիշեցրեց՝ Էրդողանը 2012 թվականին խոստացել էր, որ սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն Թուրքիայի նախագահն այդ հարցում արևմտյան տերությունների շահագրգռությունը չտեսավ։
«Ալիևը զանգեց Էրդողանին և ասաց, որ չպետք է բացել հայ-թուրքական սահմանը մինչև ինքը հրաման չտա։ Նաև ասաց, որ ադրբեջանական SOCAR-ը պետք է 8 միլիարդ դոլարի ներդրում աներ։ Էրդողանն օպորտունիստ նախագահ է և հաշվի է առնում սեփական շահը՝ ինչ շահ կամ կորուստ կունենա դրանից։ Դժբախտաբար, նա արևմտյան երկրների շահագրգռվածությունը չտեսավ, և հայ-թուրքական սահմանը փակ մնաց։
Բայց կարծում եմ, որ օգոստոսի 8-ի պայմանագրերից հետո Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ հասկանում են, որ հիմա ժամանակն է առաջ շարժվելու, և Անկարան նման որոշում ունի։
Կարծում եմ՝ լավ զարգացումներ պետք է տեսնենք հունվարին»,- հույս հայտնեց նա։
Ըստ Փայլանի՝ Թուրքիան հասկացել է, որ առճակատումների արդյունքում ամեն ինչ կորցնում է, և կարծում էր, որ կարող է շահ ունենալ 2020 թվականի արցախյան պատերազմում։
«Բայց այդպես չեղավ. Ռուսաստանը շահ ունեցավ, մյուս երկրները շահ ունեցան, իսկ Թուրքիան կորցրեց։ Թուրքիան հասկացավ, որ միայն խաղաղության ճանապարհով, ճանապարհները բացելով կարող է շահ ունենալ, և այժմ կողմնակից է, որ հայ-թուրքական սահմանը բացվի, հաղորդակցության և հարաբերությունների կարգավորման գործընթացներն առաջ շարժվեն։ Դրա համար շատ մեծ պատուհան կա։
Կարծում եմ՝ հիմա Ալիևը մտածում է՝ ինչ կարող է կորցնել կամ շահել։ Թրամփի ուղու վրա ներդրումները պետք է օր առաջ իրականացվեն»,- ասաց Փայլանը՝ կրկին շեշտելով, որ առաջիկա ամիսները խիստ որոշիչ են լինելու Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համար։
Հարցին՝ արդյոք Հայաստանը վախենալու բան ունի հայ-թուրքական սահմանի բացումից, նա պատասխանեց՝ վախենալու շատ բան կունենա, եթե սահմանները փակ մնան։
«30 տարի ի վեր՝ մեր սահմանները փակ են։ Եթե սահմանը բաց լիներ, առևտուր կանեինք, դիվանագիտական հարաբերություններ կհաստատեինք։ Թուրքիան և Հունաստանն էլ խնդիրներ ունեն, բայց նրանց սահմանները բաց են, առևտուր կա, զբոսաշրջիկները փոխադարձ այցելում են։ Երբ նախկիններն աղմկում են, մենք ծիծաղում ենք, որովհետև գիտենք՝ կռիվ չի լինելու։ Եթե սահմանները բացվեն, երկու կողմն էլ շահեր կունենան»,- ասաց Փայլանը։





