Հայ Առաքելական եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված՝ Ս. Հռիփսիմյան և Սուրբ Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի: Կույսերի հիշատակության օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Այսօր՝ ժամը 10։00-ին, Մայր Աթոռի ողջ միաբանությունը Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք՝ մատուցելու սուրբ պատարագ։
«Արարատյան Շաբաթ» խորհրդանշական անվանումը կրող տոնացույցային այս ժամանակահատվածն իր անունն է ստացել ի պատիվ Արարատյան դաշտում տեղի ունեցած պատմա-կրոնական շրջադարձային իրադարձությունների, որոնք հիմնաքարային նշանակություն ունեցան Հայոց աշխարհում քրիստոնեության ընդունման և հայ ժողովրդի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ուղղորդած ճանապարհով դարավոր ընթացքի սկզբնավորության համար։
«Etchmiadzin Cathedral-Լուսարարապետություն»-ը տեղեկացնում է, որ «Արարատյան Շաբաթվա» ընթացքում տոնախմբվող սրբերից յուրաքանչյուրի հիշատակության օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս են բերվում և եկեղեցականների ու ուխտավորների թափորով դեպի համապատասխան եկեղեցիներ են տարվում սրբերի և սրբուհիների մասունքներն ամփոփող մասունքարանները, որոնք մինչև տվյալ օրվա երեկոյան ժամերգության ավարտը պահվում են սրբերի անվանակիր եկեղեցիներում` հավատացյալների երկրպագության համար։
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին «Արարատյան Շաբաթ»-ը տոնախմբելու է հետևյալ ժամանակացույցով՝
Հունիսի 5-ին – Սբ. Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոն,
Հունիսի 6-ին – Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության տոն,
Հունիսի 8-ին – Սբ. Հովհաննես Մկրտչի և Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության տոն (Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օր)։
Հունիսի 10-ին – Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից։
Հունիսի 11-ին – Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի։
Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, ով Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, ով անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա:
Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Ս. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Ս. Խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Ս. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո 13-ամյա բանտարկությունից ազատ էր արձակվել Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով կոչված էր Քրիստոսի լույսը տարածել հայոց աշխարհում: