Տավուշի թեմի ուրարակիր, «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսեր Թովմաս Առաքելյանը անդրադարձել է երեկ Գյումրիում տեղի ունեցած միջադեպին։
«Այն, որ հունիսի 1-ին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հայհոյանքներով, հեգնելով և ծայրաստիճան նսեմությամբ խոչընդոտեց Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի ելույթն Ազնավուրի 100-ամյակին նվիրված մանկական համերգին, արդեն շատերդ գիտեք: Համերգն անցավ առանց հանդիսատեսի, հայտարարված ժամից շուտ, կրճատված ծրագրով, մասնակից մյուս երեխաների համար անտանելի մթնոլորտում:
Առայժմ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի այս ամենի մասին «Ազնավուր» հիմնադրամը: Երգչախումբը Գյումրիում էր հենց այս հիմնադրամի հրավերով, հիմնադրամի հետ կնքված պայմանագրով: Միջոցառման կազմակերպիչն էլ «Ազնավուր» հիմնադրամն էր:
ԿԳՄՍՆ-ի` ցմրուր խայտառակվելու քաղաքականությունը «Ազնավուր» հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է, թե՞ փորձում մնալ «չեզոք». դեռ սպասում ենք հայտարարության կատարվածի մասին:
Դե իսկ իբրև պրոդյուսեր` խոստանում եմ. հրա՜շք «ՏաԼույսը» շարունակելու է արարել, ստեղծագործել ու զորանալ: Էս էրեխեքի մասին դեռ շա՜տ եք լսելու` ավելի լուսավոր պատմություններով»,- գրել է Թովմաս Առաքելյանը:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի հրահանգով Գյումրիի համերգը չեղարկվել է։
Բեմն ապամոնտաժվել է, «ՏաԼույս» երգչախումբը ելույթ է ունեցել Գյումրու թատրոնի աստիճանավանդակների վրա՝ առանց երաժշտության ուղեկցության՝ ակապելլա։