Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ինչպես գիտեք, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է:
Վրաց ուղղափառ եկեղեցուց ստացվել է հրավեր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը ներկա գտվելու և մասնակցելու Աստվածային սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու սույն թվականի մարտի 22-ին:
Եղբայրական ժողովրդի այս մեծագույն վշտի պահին պատշաճ էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցի տեղի ունենալիք եկեղեցական սուրբ արարողություններին:
Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլատրել մի քանի օրով մեկնելու Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ Վրաստանի Հանրապետություն:
Այս կապակցությամբ միջնորդություն էի ներկայացրել քննիչին:
Այսօր ստացա քննիչի որոշումը միջնորդությունը մերժելու վերաբերյալ:
Ցավում եմ, բայց սա հերթական ակնհայտ անօրինական որոշումն է, որը մեր երկրի վարկանիշին մեծ վնաս է հասցնելու»:
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն մահացել է հիվանդանոցում, մարտի 17-ի երեկոյան։ Հուղարկավորությւոնը տեղի կունենա Սիոնում, մայիսի 22-ին։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Պատրիարքարանը հրավեր է ուղարկել աշխարհի Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին՝ մասնակցելու Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։
Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին նշել էր․ «Մենք հրավեր ենք ուղարկել Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին։ Ինչպես կանոնն ու կարգն է։ Մեզ հետ կապ են հաստատում նաև ոչ միայն ուղղափառ եկեղեցիները։ Օրինակ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցանկանում է գալ։ Նրանք շատ մտերիմ հարաբերություններ ունեին, պատմական հարաբերություններ։ Բայց Հայաստանում շատ լուրջ անկարգություններ են, և կաթողիկոսին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան, կգա»։








