«Ինչպե՞ս կարող է բլոկադա լինել, եթե Լաչինի ճանապարհով ռուս խաղաղապահների՝ շուրջ 2500 բեռնատար և «Կարմիր խաչի» մեքենաներ են անցել, ինչպե՞ս կարող են ասել՝ շրջափակում է, եթե այդ ճանապարհը բաց է։ Եթե Ղարաբաղի հայերը փորձեն օգտվել այդ ճանապարհից, համոզված եմ՝ ոչ ոք նրանց չի կանգնեցնի»,- Մյունխենում պանելային քննարկման ժամանակ հայտարարեց Իլհամ Ալիևը։
Նրան ի պատասխան՝ Փաշինյանն ասաց.
«Վերջերս հայ երեխաները փորձեցին երթևեկել այդ միջանցքով, սակայն նրանց կանգնեցրին, դիմակավոր ադրբեջանցիները ներխուժեցին ավտոբուս, և դա վերջին դեպքն էր, երբ Ղարաբաղի հայերը փորձեցին ազատ անցնել այդ ճանապարհով»։
Ալիևը դժգոհեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանից ու ասաց, որ Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացիներն են։
«Պատրաստ ենք նրանց հետ ռեալ հաղորդակցություն սկսել։ Պետքարտուղար Բլինքենի ներկայությամբ իմ հայ գործընկերոջն ասացի, որ դա մենք կարող ենք անել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի քաղաքացի Վարդանյանը հեռանա մեր տարածքից»,-ասաց Ալիևը։
Նա նաև հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի համար կապիտուլյացիայի ակտ է։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ դրա արդյունքներն ընդունել է ոչ միայն միջազգային հանրությունը, այլև Հայաստանի հասարակությունը, որը խաղաղության մանդատ է տվել Փաշինյանին։
Կապիտուլյացիայի մասին մեղադրանքին արձագանքելով՝ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի վիրավորական բառապաշարը տպավորություն է ստեղծում, թե այդ երկիրը որդեգրել է վրեժի քաղաքականություն։