Ես լսեցի Սյունիքում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը Արցախի վերաբերյալ, որտեղ ասում էր, որ Արցախը երբեք հայկական չի եղել. ուղղակի ահավոր մտքեր էր արտահայտում, մտածում ես՝ մարդ ինչքա՞ն մ կարող է ինքն իրեն նվաստացնել սեփական ժողովրդի առաջ՝ հանուն աթոռի. ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես տարիներ շարունակ ղեկավարել եմ այդ բանակցությունները։ Այդ ժամանակահատվածում, գիտեմ, որ հետո էլ է շարունակվել, Ադրբեջանը երբեք հավակնություն չի ունեցել ինչ-որ վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ, նրանք ընդունել են, որ դա հայկական տարածք է, Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ բազմիցս դա ասվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Նրանք ընդունել են, որ ԼՂ-ն եղել է հայկական, այդ թվում՝ Շուշին, իրենք խնդիր են ունեցել միայն այդ փաստը դե յուրե հաստատելու հարցում, որովհետև պնդել են, որ խնդիր կունենան Սահմանադրության հետ։
Փաշինյանը կարող էր հարցը լուծել խաղաղ ճանապարհով, պահել ԼՂ փաստացի քաղաքական միավոր լինելու հանգամանքը, եթե շարունակեր բանակցությունները։ Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն էր իսկապես, որ ուներ այդ հնարավորությունը, բայց այդ բոլորն ինքը փոշիացրեց նախկինների նկատմամբ ունեցած ատելությամբ։ Նա չկարողացավ ճիշտ կողմնորոշվել, սխալներ գործեց մեկ մյուսի հետևից, և մենք ունեցանք այն, ինչ ունենք։ Նա 5000 զոհերով, 10000 վիրավորներով Արցախը հանձնեց ուղղակի Ադրբեջանին, և այսօր այն ելույթները, որ Փաշինյանն ունենում է, դրանով ոչ թե ինքը փորձում է համոզել իր աջակիցներին, այլ փորձում է համոզել ինքն իրեն, որովհետև նա գիտակցում է, թե ինչպիսի վնաս է պատճառել հայ ժողովրդին, նա գիտակցում է, թե ինչպիսի մեղք է գործել հայ ժողովրդի հանդեպ»։









