Ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանը սեպտեմբերի 15-ին վերջին անգամ զանգել է մորն ու ասել՝ մամ ջան, լսի…
Ու վերջ, դրանք Կապանի զորամասի զինծառայող Վահեի վերջին բառերն են եղել: Հետո ծնողներն իմացել են, որ Վահեն 3 տեղից վիրավոր է, ու մինչև հիմա նրան ոչ ոք օգնության չի հասել, չի հանել մարտական գործողությունների վայրից: Հարազատները պնդում են, որ իրենց որդու տեղը գիտեն, բայց ինչո՞ւ Պաշտպանության նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում, զինվորին այնտեղից հանելու համար, պատասխան չի տալիս, թե Վահեն մինչեւ երբ է մնալու այնտեղ: Ոչ մի պատկան մարմին, նաև Կարմի խաչը տեղեկություն չի հաղորդում, թե Վահեն ինչ վիճակում է: Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ նա վիրավոր ու անօգնական ընկած է մարտի դաշտում: Ու հայտնի էլ չէ՝ այդ տարածքը թշնամո՞ւն է պատկանում, թե՞ մեզ:
Ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները, հարևանները, անհետ կորած զինվորների ծնողները, մի խումբ արմավիրցիներ, որոնք ևս զինվոր ունեն բանակում, բողոքի ակցիա էին կազմակերպել Պաշտպանության նախարարության դիմաց:
«Խոսքը վիրավոր էրեխու մասին է, գլխից, թևից ու ոտքից վիրավորված է, բայց մի ամիս է արդեն պատասխան չունենք: Մենք բացարձակ դեմ չենք եղել, որ ծառայի, թող մեկն ասի, որ մենք մի օր դիմել ենք, բողոքել ենք, թե իր ծառայությունից, թե իր տեղից: Մենք ոչ մի բանի դեմ չենք եղել, բայց այսօր ոչ մեկ ոչ մի բան չի անում: Այս շենքը որ տեսնում եք, այստեղ մարդ չկա, հաշվեք, որ պատերն են միայն»,-ասաց անհետ կորած զինվորի հայրը: