Սկանդալային պատմությունը նոր ընթացք է ստացել։
«Աջարա վոյաժ» տուրիստական ընկերությունը գիշերը ջնջել է «պատմական Վրաստանի» պատմամաշակութային հուշարձաններին վերաբերող գրառումն ու լուսանկարները, ըստ որոնց Լոռին ու Տավուշն իբր պատմական Վրաստանի տարածքներ են, հուշարձաններն էլ՝ «վրացական»։
Այս գրառումով իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Սկանդալային հայտարարությունն այսպիսին էր. «Պատմական Վրաստան!!! Եզակի մշակույթ, որը ցավոք մնացել է Լոռեում։ Հիշենք, թե որքան հեռու ենք եղել, հարգենք հավերժական, խորհրդավոր, մեծ Վրաստանը»։
Սալոմե Զուրաբիշվիլին, ի տարբերություն «Աջարա վոյաժ» տուրիստական ընկերության, իր ֆեյսբուքյան էջից չի ջնջել գրառումը, ինչն ապացուցում է նրա տարածապաշտական նկրտումներն ու անհարգալից, անբարյացակամ վերաբերմունքը Հայաստանի ու ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Մի նկատառում՝ ինչո՞ւ նախկինում մեր հարևանները, այդ թվում՝ Վրաստանը, «տարածքային հավակնություններ» չուներ Հայաստանի նկատմամբ, այսպիսի ցինիկ հայտարարություններ ոչ ոք չէր անում, իսկ հիմա տեղից վերկացողը տարածքային պահանջ է ներկայացնում։
Պատճառը շատ պարզ է՝ բոլորն էլ տեսնում են, որ Հայաստանի այսօրվա իշխանությունն անընդհատ զիջելու դիրքորոշում է բռնել ու հարևանների ախորժակը փակելու փոխարեն, նրանց շահերն է պաշտպանում հայ ժողովրդի ու Հայաստանի տարածքների հաշվին։
Իսկ նախկինում Վրաստանի որևէ ղեկավար կհամարձակվե՞ր Լոռին ու Տավուշը «վրացական» համարել։
Մեր հարևանների բերանում լեզու դնողը Հայաստանի այսօրվա իշխանությունն է։