Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրերին, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը խորհրդարանի փոխարեն Ազատության հրապարակ շտապեց՝ հայտարարելով, թե անժամկետ նստացույց է սկսում։
Սուրբ Հարության տոնն էր, ու քրիստոնեական խորհրդով տարված՝ հայրենի ընդդիմադիրները, թև-թիկունք լինելով Վանեցյանին, միահամուռ կերպով հայտարարեցին՝ խորհրդարան միայնումիայն սեփական օրակարգով կվերադառնան։ Իսկ սեփական օրակարգն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր։
Վանեցյանի նստադուլին հաջորդեցին հանրահավաքները, ցույցերն ու քայլերթերը։ Ընդդիմադիրները, Փաշինյանի տեխնոլոգիաները կրկնօրինակելով, անդադար «քայլում էին, քայլում էին, քայլում»։
Ի տարբերություն Փաշինյանի՝ սակայն որևէ մի իշխանավոր ընդդիմադիրներից և որևէ մեկին չասաց դասականի խոսքերը՝ «դու ճիշտ ես, մենք՝ սխալ»։ Հակառակը՝ սկզբում Արթուր Վանեցյանը, այնուհետ մի քանի այլ պատգամավորներ, ընդունելով, որ ձախողել են փողոցի պայքարը, ազնիվ գտնվեցին, վայր դրեցին պատգամավորական մանդատն ու լքեցին խորհրդարանը։
Ինչպես հեքիաթներում են ասում՝ ժամանա՜կ անցավ, ու խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ Ազգային ժողով վերադարձան, բայց ոչ թե սեփական օրակարգով (ինչպես նախապես հայտարարել էին), այլ՝ իշխող մեծամասնության։
Արդեն մի քանի ամիս է՝ նրանք մասնակցում են խորհրդարանի աշխատանքներին, տարբեր գործողումների մեկնում, պարգևավճարներ ու հավելավճարներ ստանում, բայց Փաշինյանի հրաժարականի հարցի, էլ ուր մնաց՝ պահանջի մասին մոռացել են։
Հ․Գ․ Վանեցյանի մեկնարկած շարժման միակ «օգուտը», փաստորեն, սեփական մանդատից հրաժարվելն էր։
Սևակ Վարդումյան