Իր երազներից առկախ քայլում է հայը՝ այս քսանմեկերորդ դարի քիմիական օդում թիթեռորսիչ ցանցեր թափ տալով: Գրպանները դատարկ են, ծոցը՝ պարպված, խուզարկված ու բռնագանձված:
… Հային չնչին բաներ են հարկավոր կեցության պարզմիտ ընթացքը ապահովելու համար. հյուսիսից՝ քամի, հարավից՝ հապշտապ ու ճոճվող լաստեր, արևելքից՝ մի բոսոր զորախումբ, որ արշավի այրվող արևմուտք՝ դրդած սադրանքներին հուրուսուր քաշելու: Երկնքից՝ սփոփանքի անձրև, իսկ հողից… հողից պահանջվում է ընդամենը դիմադրում: Եվ, վերջապես, մի ներքին արճճե հերյուրանք է պետք, իբրև առաջ մղող պարտադիր ցասում: Ու հայը նորից…պարզապես կշարունակի իր գոյությունը…
Հայն ո՞վ է: Կոտրվող ծաղկամանի պես տարածված ամենուր, ամենու՛ր, բացի իր զարկվելու տեղից: Մարդկային մոխրագույն մի տեսակ, որին անհնար է ճանաչել, առավել ևս տեղավորել երեք հոմանիշ բառերի մեջ: Լալու պատրաստ աչքեր, ապաթարց հիշեցնող քիթ, գյուղական ճամփեքի պես ճակատ և բերան՝ քթի երգը կրկնող: Երգ, որ փոխանցվում է սերնդեսերունդ: Երգ, որ կյանքի ողորկ պահերին պիտի մրմնջա ամեն մի հայ: Երգ, որ հնչում է արգանդից մինչև մեռելին տված համբույրը: Դա մի շշուկային մեղեդի է, որ ելնում է ասես ճաքած խեցուց։ Ինչ-որ բառեր են հանգած լեզուներից, ու կա մի թախիծ. դա եղերեգ է:
Հայը բանաստեղծ է- ահա, թե որտեղ է թաքնված ձախորդության թնջուկը: Քնարակա՜ն, քնքույշ, մանկամի՜տ: Մանկամիտ, բայց ծերերին բնորոշ, շատ բան տեսածներին հատուկ մանկամտություն: Պատրանքներ է հորինում՝ պոետական սյուժեի պես ու հավատում դրանց մինչև իր արնաքամ լինելը: Ամենին զուգահեռ սիրում է զոհվել՝ հանուն ստեղծվելիք մի նոր երգի ու տողի:
Մեր մեջ ասած, երազեց երկիր՝ ունեցավ, բայց չի հարմարվում պետականության պարտադրանքի հետ. գերադասում է սեփականը, այսինքն հողակտոր, բայց ոչ երբեք «պետական-մետական» ավելորդություններ: Իսկ նախագահին սիրում է մեկ հայ՝ հենց ինքը նախագահը, և մյուսներն ատելով ատում են, քանզի նախագահ են մտովի: Սիրում է խորթ համեր, խորթ հոտեր, խորթ անուններ, ամեն ինչ, միայն թե ուրիշինը լինի։ Շոգ է ձյուն է ուզում, ձմեռ է՝ ավազ ու ծով (այս պահին անիծում է տիգրանմեծյան օրերից իրեն հասած աղքատիկ ժառանգությունը), մի խոսքով, մտացածին ճոխ ու երանություն է սուրում իր մտքում՝ Էլդորադոյի պես մի վայրի բացակայություն:
Թե մի բան անում է՝ անում է տաղանդով: Կռվում է տաղանդով, զոհվում է տաղանդով, հող է փորում տաղանդով, երգում է, գրում է, օրհնում ու անիծում է տաղանդով: Հերոսական է իր էպոսի նման, (թեև միառժամանակ անխղճաբար ծաղրում է Վերգոյին, բայց չի կարող երբեք վանել իրենից իր ինքնության այդ ճշմարիտ մասնիկին): Հաղթանակը սոսկ միտում է, բայց պարտությունն էլ՝ մի նոր վիպակի հաղթական սյուժե: (Ամեն բան լավ է, քանի կա թշնամու տեսակ. դրա բացակայությունը հանգեցնում է լոդռական առօրյայի: Թշնամի, այսինքն չմահավան արյունակից, այսինքն գոռոզ հարևան, այսինքն ուշացող ընկեր, կամ օտար դրոշով սպառնացող):
Հայը և՛ առասպելական ճգնող է, և՛ պարապության համար խենթացող: Մանավանդ ինչ-որ տեղից սնուցվող պարապության համար, և այդ պատեհությունն օգտագործում է խոսելով իր երազանքների ու չունեցածների մասին՝ տնտեսություն ու քաղաքականություն: Այս վերջինը մի թեմա է, որ բացվում է ամենուրեք՝ բարևելիս, ուտելիս, քնելուց առաջ, հետո, երազում, արթմնի, կնոջ ծոցում և անդին…
Մինչև հող կներծծվի ու կպահի իր երկիրը՝ տենչալով անկախության երազ, բայց մի ուրիշ վայրկյանի հոգի կտա մեկ այլ դրոշի քղանցքում պատսպարվելու համար, որ ունենա պարապուրդ՝ շահեկա՜ն պարապուրդ, քանզի դանդալոշությունն իր էպիկական բնորոշումներից է…
Անհնար է ճանաչել հային առաջին հայացքից, ինչպես չի լինի արտաքնապես բնորոշել առողջ պոպոկին, տռուզ ձմերուկին, ձևավոր աճած դդմին և ամոթխած ու տակևանց նայող կույսին: Հայը բարդ է՝ խրթնագույն, ինչպես իր հետ ասոցացվող հարցերն են բարդ և անլուծելի…
Ամեն ինչ ժամանակավոր է՝ հընթացս. Լռում է, գոռում է, կռվում է ժամանակավոր, զինադադար է՝ էլի ժամանակավոր: Գաղթում է՝ ժամանակավոր, ներգաղթում է՝ սեզոնային:
Այսքանով հանդերձ, հայը մեն ու միայն երազել գիտի, ու շարունակ երազելով ճառում է ինքն իրեն՝ ունենալ մի հայրենիք, որտեղ Հիսուսն էլ թե գա չուզենա էլ երկինք համբառնալ, բայց, հենց առաջին անվանականչին լքում է, լքում է ամեն օր, ամեն ժամ ու րոպե՝ սեփական երազկոտ ուղեղից սկսյալ: Այս էլ ասեմ. կա ու գոյություն ունի մի քանի Հայաստան. իր երազանքներինը, որը երբեք չի իրականանա և երազելու թովչանքը հենց դրանում է, թշնամու վայելքների գիրկն անցած Հայաստանը, որ օր-օրի շարժում է հայոց հնամենի քենը, ու մի նոր ոգևորությամբ ժայթքում Մուշ-Սասուն-Արդահան հանգած հանգերում… վերջապես սրանց զուգահեռ մոմպասի պես հալվող մի հողակտոր կա, որ ներկա Հայաստան է կոչվում, որին լքում են պարտադրաբար, երազում՝ հեռվից, գրկախառնվում՝ մեռած…
Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ