Լեզվաբան հայերենագետ Հրաչ Մարտիրոսյանը (Լեյդեն / Բեռլին) «Փաստերի ստուգման հարթակի» առաջարկով անդրադարձել է «Զանգեզուր» տեղանվան ստուգաբանության խնդրին: Տեղանվան ծագումը վերջերս տարատեսակ ձևաչափերով ավելի ու ավելի հաճախ է շահարկում ադրբեջանական քարոզչությունը՝ փորձելով այն ներկայացնել որպես թյուրքական: Լեզվաբանական վերլուծության արդյունքում, այդ թվում՝ հղում անելով միջնադարյան աղբյուրների վրա, Մարտիրոսյանն ապացուցում է, որ «Զանգեզուր»-ի հիմքում ընկած է բնիկ հայկական ծագման «Ձագէձոր» տեղանունը: Հոդվածն անգլերենով հրապարակվել է academia.edu կայքում: Ներկայացնում ենք հոդվածի հայերեն տարբերակը: Թարգմանությունը՝ FIP.am-ի:
Հեղինակի ծանոթությունները
- Հղումներն ու գրականության ցանկը կարելի է տեսնել հոդվածի անգլերեն բնագրում, որ դրված է academia.edu կայքում՝ բաց քննարկումով։
- Երախտագիտությունս եմ հայտնում AGBU-ին և այս աշխատանքիս օժանդակած անձանց (ավելի մանրամասն տես նույն տեղում):
1․ Պատերազմ, մշակութային ցեղասպանություն և լեզվաբանական խեղաթյուրումներ
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը մի նոր թափ է տվել նախկինում արդեն «21-րդ դարի ամենասարսափելի մշակութային ցեղասպանություն» ձևակերպում ստացած իր քաղաքականությանը՝ ավելի ակտիվորեն քան երբևէ ջնջելով Արցախում հայկական ներկայության բոլոր հետքերը։
Հայկական մշակութային ժառանգության վրա հարձակումը տեղի է ունենում ոչ միայն սրբավայրերի և հուշարձանների ոչնչացմամբ, այլև պատմական իրողությունների խեղաթյուրման փորձերի միջոցով։ Լիովին անտեսելով ադեկվատության սահմաններն ու ամեն տեսակ սահմանափակումներ՝ Ադրբեջանը ոտնձգություն է իրականացնում նույնիսկ ինքնիշխան Հայաստանի տարածքի հանդեպ՝ Սյունիքն ու Երևանը հայտարարելով պատմական ադրբեջանական տարածքներ և սպառնալով Հայաստանին մի նոր պատերազմով, որը կջնջի Հայաստանը աշխարհի քաղաքական քարտեզից:
Ադրբեջանը փորձում է արդարացնել իր ախորժակը ակադեմիական մակարդակում՝ առաջարկելով տեղանունների զավեշտալի ստուգաբանություններ, ինչպես օրինակ Զանգեզուրի դեպքում, որը Մեծ Հայքի Սյունիք նահանգի հարավային մասի ավելի ուշ անվանումն է, սակայն, Բաքվի պնդմամբ, հիմնված է թյուրքական «Զանգի» ցեղանվան վրա։ Նման մեկնությունները, երբեմն միահյուսված զառանցական հայտարարություններով՝ իբր թե Զանգեզուրը բնիկ ադրբեջանական կամ աղվանական տարածք է, արտացոլված են ոչ միայն 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո արված ագրեսիվ տեսանյութերում, այլև նախորդ տասնամյակների տեղանունային ուսումնասիրություններում և բառարաններում։ Այս մոտեցումը ոչ թե պարզապես անհիմն է, այլև հենց մեկնակետով հակագիտական է, քանի որ հիմնված է հայկական ամեն տարրի ակնհայտ ժխտման միտումի վրա:
Ճիշտ է, Արևելյան Հայաստանի տարածքում կան մի քանի տեղանուններ, որ պարունակում են Զանգի բաղադրիչը, ինչպիսիք են՝ Զանգիբասար, Զանգիթափա, Զանգիլան/Զանգելան և Զանգիլար, և դրանցից մի քանիսի երկրորդ բաղադրիչը կարող է համարվել թյուրքական ծագման, սակայն նշվածները ավելի երիտասարդ տեղանուններ են, որոնք արձանագրված չեն տվյալ տարածքներին առնչվող պատմական փաստաթղթերում, և կապ չունեն Զանգեզուր-ի հետ։
Զանգեզուր տեղանվան զուր բաղադրիչն արտացոլում է բնիկ հայկական ձոր արմատը։ Սա հստակ վկայակոչել են ոչ միայն հայ հեղինակները, այլև պատմական աշխարհագրության և տեղանվանագիտության անվանի մասնագետ Մուրզաևը (Мурзаев 1984․ 181b; տես նաև Мурзаев /Мурзаева 1959․ 74)։
Սկսած ամենավաղ ժամանակների պատմական փաստաթղթերից մինչև նոր ժամանակաշրջան, հայերը կազմել են հայկական Արցախ, Սյունիք և մասամբ Ուտիք նահանգների հիմնական էթնիկ բնակչությունը։ Այդ են վկայում բազմաթիվ պատմական աղբյուրներ, ճարտարապետական հուշարձաններ, վիմական արձանագրություններ, ձեռագիր հիշատակարաններ, տեղանուններ և այլն։
Յոթերորդ դարի «Աշխարհացոյց»-ում Սյունիքն ու Արցախը ներկայացված են որպես Մեծ Հայքի համապատասխանաբար իններորդ և տասներորդ նահանգներ:
Իմ «Արցախի, Սյունիքի և շրջակա տարածքների տեղանունները» հոդվածում ես մանրամասն անդրադարձել եմ հայկական ծագում ունեցող 16 տեղանունների։
Իսկ այս հոդվածիս նպատակն է ցույց տալ, որ Զանգեզուր-ը հայկական Ձագեձոր [d͡zagɛd͡zoɾ] տեղանվան փոխակերպված ձևն է։ Վերջինս հիշատակվում է հին հայկական աղբյուրներում և ակնհայտորեն զտարյուն հայկական բաղադրություն է։
2․ Հայկական ձոր բառը և Ձագեձոր > Զանգեզուր տեղանունը
Կան հայկական բազում տեղանուններ, որոնք պարունակում են ձոր բառարմատը՝ ‘ձոր, հովիտ, հեղեղի հուն’ իմաստով։ Սա բնիկ հայկական ծագման բառ է և մատենագրության մեջ վկայված է դեռևս 5-րդ դարից։ Թուրքերենում ու ադրբեջաներենում ձ /d͡z/ պայթաշփական բաղաձայնի բացակայության և վերջնավանկի անշեշտ ո ձայնավորի թուլացման պատճառով այս տեղանուններից մի քանիսում ձոր բաղադրիչը դարձել է զուր: Օրինակ, Աղավնաձոր > Այնազուր (Եղեգնաձորից ոչ հեռու), Աստվածաձոր > Աստազուր:
Այդպես է նաև Զանգեզուր-ը, որը պատմաաշխարհագրական շրջանի երիտասարդ անվանում է Արևելյան Հայաստանում և տարածքով համապատասխանում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի (նահանգի) հարավային մասին։ Նախապես այն վերաբերում էր Գորիսի մերձակայքին, գետին ու լեռներին։
Զանգեզուր-ը Ձագէձոր / Ձագաձոր հին հայկական տեղանվան ավելի ուշ՝ վերափոխված ձևն է։ Վերջինս նույնպես վերաբերում է Գորիսի շրջակայքին (երկիր Ձագաձորու)՝ այդ տարածքի մի գյուղով (տես՝ § 3.2), գետով ու սրա ձորով (հիշենք, որ այս տեղանունն ունի ձոր բաղադրիչը), լեռով (Ձագեձորոյ լեառն, Շինուհայր և Խոտ գյուղերի հարևանությամբ) և բերդով (Ձագեձորոյ բերդ) և հիմնականում համապատասխանում է Սյունիք նահանգի Հաբանդ պատմական գավառի տարածքին։
Այսպիսով, Ձագեձորն աշխարհագրական ընդգրկմամբ հիմնականում համապատասխանում է արդի Զանգեզուրին։
Ձագեձոր տեղանվան փոխակերպումը Զանգեզուր-ի խթանվել / ամրապնդվել է ժողովրդական ստուգաբանական բացատրություններով, գուցե նաև Զանգ- բառասկիզբ ունեցող և մեր քննած տեղանվան հետ ստուգաբանական կապ չունեցող տեղանունների ազդեցությամբ (§§ 1 & 5-6։
3․ Վկայություններ Ստեփանոս Օրբելյանի երկում (13-14-րդդարեր)
3.1. Ձագեձորի հովիտը և բերդը վկայակոչվում են հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի (1859, 1․ 52; 1861․ 7) հայտնի երկում՝ «Պատմութիւն նահանգին / տանն Սիսական» (13-14-րդ դդ.)․
Հանբադայ բերդ (var. lect. Հանբադաբերդ), որ ի նոյն տոհմէ Սիսակայ ի Ձագայ (var. lect. Ձագկայ) նահապետէ շինեալ ի վերայ գետոյ միոյ, կոչէ յիւր անուն զձորն Ձագէ/եձոր և զբերդն՝ Ձագէ/եձորոյ բերդ։
«Հանբադայ բերդը կառուցել է Սիսակի տոհմից Ձագ(իկ) նահապետը մի գետի ափին։ Նա իր անունով է կոչել Ձագեձորի հովիտն ու բերդը»։
Ստեփանոս Օրբելյանի Պատմության հնագույն օրինակը Մատենադարանի 6271 ձեռագիրն է (14-րդ դար): Ստորև ներկայացված է ձեռագրի համապատասխան հատվածը։
3.2. Հանբադայ բերդ—ը կարելի է հասկանալ որպես Հաբանդայ բերդ «Հաբանդի բերդ»՝ պատմական Հաբանդ գավառի անունով։ Սա հաստատվում է այն հանգամանքով, որ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին / տանն Սիսական» երկի վերջին մասում Ձագաձոր-ը թվարկվում է Հաբանդ գավառի գյուղերի շարքում՝ Գորայք, Խնձորեակ (Խնձորեսկ), Խոտ, Շնոյ հերք (Շինուհայր) և մի շարք այլ գյուղերի հետ, ընդ որում տպագիր տաբերակներում գավառի անունը նշված է Հաբանդ , սակայն «Սյունյաց պատմության» ամենահին օրինակի մեջ (Մատենադարան, ձեռագիր 6271, 14-րդ դար) այն տրված է Համբանդ տեսքով (ռնգային հնչյունի նախասությամբ կամ անտիցիպացիայով), որը հստակ ցույց է տալիս Հաբանդ բառի հիմնական ձևի և վերը նշված Հանբադայ բերդ ձևի նույնությունը: Ստորև ներկայացնում եմ ձեռագրի համապատասխան հատվածը։
3.3. Ձագեձոր տեղանվան առնչությունը Հաբանդ գավառի հետ հստակ երևում է նաև Ստեփանոս Օրբելյանի նույն երկի հետևյալ հատվածում․
Եւ նստէր ի գաւառին Հաբանդայ՝ ի գլուխ Ձագէձորոյ։
3.4. Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին / տանն Սիսական» երկում մի քանի անգամ հանդիպում է նաև Ձագեձորի լեռից (ի լեռնէն Ձագէձորոյ) եկող Ձագեձորի ջուրը (զջուրն Ձագէձորոյ, որ Վարարակն կոչի)։ Ահա այդ հատվածներից մեկը․
Եւ բազում աշխատութեամբ և մեծամեծ ծախիւք ածեալ էր (ջուր) ի լեռնէն Ձագէձորոյ և բերեալ ի Ցաքուտն, որ հանդէպ վանիցն յայնկոյս գետոյն․ և արար զամենայն առապար և փշալից վայրն վարդուտ և տնկալից։
Ստորև ներկայացնում եմ նույն ձեռագրի համապատասխան հատվածը․
4․ Վկայություններ ձեռագիր հիշատակարաններում
4.1. Այն, որ Ձագա/էձոր տեղանունը վերաբերում էր Գորիսի շրջակայքի հովտին ու տարածքին, հստակ երևում է նաև Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» աշխատության 1625 թ. հիշատակարանում․
Գրեցաւ սայ ի յերկիրս Ձագաձորու, ի գեաւղս որ կոչի Գորէս, ընդ հովանեաւ Ս․ Գրիգորիս և Ս․ Աստուածածնիս և Ս․ Յակոբիս և Ս․ Մարտիրոսիս, զի սոքա են մեզ բարեխօս, ի թվիս ՌՀԴ (1625).
«Սա գրվել է Ձագեձորի երկրում՝ Գորէս կոչվող գյուղում, 1625 թվականին (1074+551), Ս. Գրիգորիսի, Ս. Աստվածածնի, Ս․ Հակոբի և Ս. Մարտիրոսի հովանու տակ, քանի որ սրանք են մեր բարեխոսները»։
4.2. Մի Ավետարանի 1654 թ․ հիշատակարանում (ՀայՁեռՀիշ ԺԷ․3, 1984․ 601) Ձագաձոր տեղանունը հանդիպում է Ծագաձոր գրությամբ, որ ամենայն հավանականությամբ արտացոլում է Սյունիքի ու Արցախի տարածաշրջանին հատուկ խլացման տեղաշարժը․
Արդ՝ գրեցաւ սբ․ Աւետարանս ձեռամբ Մարտիրոս կղերիկոսի, որ էր նա ի յերկրէն Ծագաձորոյ, ի գեղջէն Խնծորեկոյ։
5․ Միջանկյալ ձևեր՝ Zangadzor և Cağazur / Джагазуръ
5.1. Բարոն Օգյուստ ֆոն Հաքսթհաուզենի «Անդրկովկաս» աշխատության գերմաներեն հրատարակության մեջ (Leipzig: F. A. Brockhaus, 1856) Հենրի Լանգի «Karte der Kaukasus-Länder» քարտեզում տեսնում ենք Zangadzor / Զանգաձոր տեղանունը, որը հետաքրքիր միջանկյալ ձև է Ձագաձոր > Զանգեզուր զարգացման շղթայում։
5.2. Cağazur անունով գյուղ կա արդի Ադրբեջանի Լաչինի շրջանում, Գորիսի շրջանի հայկական Տեղ գյուղից 3 կմ հյուսիս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս դե ֆակտո սահմանի անմիջապես հակառակ կողմում։ Այս նույն տեղանունը Джагазуръ տեսքով հիշատակվում է վիճակագրական տվյալներ պարունակող 1886/1893 թվականների «Свод статистических данных о населении Закавказскаго края» փաստաթղթում, ինչպես նաև 1902 թվականի «Карта Елизаветпольской губернии с показанием» («Ելիզավետպոլի նահանգի քարտեզ՝ ցուցումներով») քարտեզում։
Ինչպես արդեն մատնանշել եմ §§ 2-3-ում, Գորիսի շրջանի տարածքը եղել է հայկական պատմական Ձագաձոր / Ձագեձոր շրջանի կորիզը (պատմական Մեծ Հայք Սյունիք աշխարհի Հաբանդ գավառ)։ Այսպիսով, շատ հավանական է, որ Cağazur (Джагазуръ) գյուղի անվանումը հայկական պատմական Ձագաձոր գյուղի անվան փոխակերպված ձևն է։ Ինչպես արդեն նշվեց՝ Ձագաձոր գյուղը վկայակոչվում է Ստեփանոս Օրբելյանի «Պատմության» մեջ (13-14-րդ դդ․)՝ պատմական Հաբանդ գավառի գյուղերի շարքում՝ Գորիսի շրջանի Խոտ, Շոինուհայր և այլ գյուղերի կողքին (§ 3.2)։
6․ Ձագաձոր / Ձագեձոր տեղանվան ստուգաբանությունը
Հայկական Ձագաձոր / Ձագեձոր տեղանվան պատմաբանասիրական տվյալներին ու ստուգաբանությանն անդրադարձել են բազում հեղինակներ՝ Ալիշանը, Հյուբշմանը, Գանը, Ջահուկյանը, Լիսիցյանը, Ղարագյոզյանը, Աբրահամյանը և ուրիշներ, և հատկապես ընդարձակորեն՝ Ալեքսանդր Մարգարյանը (2015. 182-184) և Մհեր Քումունցը (Հայագիտություն. Սյունիք 1, 2016. 40-57)։ Կասկածից վեր է, որ դրա երկրորդ բաղադրիչը հնագույն ու բնիկ հայկական ձոր բառն է (տե՛ս § 2): Ինչ վերաբերում է առաջին բաղադրիչին, ապա կան տարբեր լուծումներ։ Սակայն էականն այն է, որ անկախ առաջին արմատի մեկնաբանությունից այս տեղանունն անկասկած զուտ հայակազմ բաղադրություն է՝ հայկական տեղանուն։
Ամենատարածված մեկնաբանություններում առաջին բաղադրիչը նույնացվում է կա՛մ հայկական ծակ բառին, կա՛մ Ձագ(իկ) նահապետի անվանը (see § 3.1)։ Առաջին տարբերակը քիչ հավանական է, քանի որ Սյունիքի տարածաշրջանում չկա ծ > ձ ձայնեղացման տեղաշարժ։ Կա հակառակը՝ ձ > ծ, որ կարելի է դիտարկել ավելի ուշ՝ 1654 թ․ հիշատակարանում վկայված Ծագաձոր գրաձևում (§ 4): Երկրորդ առնչությունը հավանական է, սակայն իմ կարծիքով մենք գործ ունենք երկրորդային զուգորդման հետ։
Ինչ վերաբերում է այս տեղանվան Զանգեզուր երիտասարդ տարբերակին, ապա այն համաժամանակյա կտրվածքով ներդաշնակում է ավանդազրույցներում արտացոլված ժողովրդական ստուգաբանական իրարամերժ տարբերակներին՝ զանգը զուր է, զանգը զորավոր / զոռ է, զանգի ձոր և այլն։
Իմ կարծիքով Ձագեձոր / Ձագաձոր տեղանվան առաջին արմատը հայկական ձագ ‘թռչուն, թռչնաձագ’ արմատն է։ Հետևաբար, Ձագաձոր ստուգաբանորեն նշանակում է «թռչունների ձոր»։ Համեմատության համար դիտարկենք Ձագավանք տեղանունը, որը բաղկացած է ձագ և վանք բառերից։
Թռչնանուններով կազմված տեղանունների այս կաղապարը բազմիցս հանդիպում է Սյունիքում, Արցախում և հայկական այլ տարածքներում։ Օրինակ․
Ագռաւաց քար (ագռաւ + քար),
Աղաւնաձոր (աղաւնի + ձոր),
Աղաւնու բերդ (աղաւնի + բերդ),
Ծիծառքար (ծիծառ/ծիծեռն + քար),
Ծիծեռնավանք (ծիծառ/ծիծեռն + վանք),
Կաքաւաբերդ (կաքաւ + բերդ),
Կաքաւաձոր (կաքաւ + ձոր),
Կաքաւաղբիւր (կաքաւ + աղբիւր),
Կաքաւասար (կաքաւ + սար),
Կաքաւաքար (կաքաւ + քար),
Հաւաթաղ (հաւ + թաղ),
Հաւուց թառ (հաւ + թառ)։
7․ Եզրակացություն
Զանգեզուրը պատմաաշխարհագրական տարածաշրջան է Արևելյան Հայաստանում, որ հիմնականում համընկնում է պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի (նահանգի) հարավային մասին։ Այն նախապես վերաբերում էր Գորիսի տարածքին՝ այս շրջանով հոսող գետին ու նրա ձորին և լեռներին։ Զանգեզուր տեղանունն արտացոլում է Ձագէձոր / Ձագաձոր տեղանվան փոխակերպված ձևը։ Վերջինս նախապես ձորի ու համապատասխան գետի հին հայկական անվանում է, որ նույնպես առնչվում է Գորիսի շրջանին և նրա շրջակայքում գտնվող մի գյուղի, ինչպես նաև լեռներին ու պատմական մի բերդի և համապատասխանում է պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Հաբանդ գավառի տարածքին։
Այսպիսով, Ձագեձորի աշխարհագրական ընդգրկումը հիմնականում համընկնում է ավելի ուշ Զանգեզուր անվանումը ստացած տարածքի աշխարհագրական ընդգրկմանը։ Ձագեձոր տեղանվան այս լայն աշխարհագրական ընդգրկումը հուսալիորեն վկայված է հայկական պատմական փաստաթղթերում, մասնավորապես հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հայտնի «Սյունիքի պատմության» մեջ (13-14-րդ դդ.), ինչպես նաև 17-րդ դարի հիշատակարաններում։
Ձագաձոր գյուղը թվարկված է Ստեփանոս Օրբելյանի նույն երկում՝ Հաբանդ գավառի գյուղացուցակում՝ Գորիսի շրջանի Խոտ, Շինուհայր և այլ գյուղերի կողքին։
Այդ գյուղանունը կարող է նույնացվել ժամանակակից Ադրբեջանի Լաչինի շրջանի Cağazur գյուղանվանը, որը Джагазуръ տեսքով վկայված է 1886/1893 և 1902 թվականների երկու ռուսական փաստաթղթերում։
Ձագեձոր-ը Զանգեզուր է դարձել մի կողմից թուրքերենի ազդեցությամբ, մյուս կողմից՝ ժողովրդական ստուգաբանությամբ՝ զանգը զուր է, զանգը զորավոր / զոռ է, զանգի ձոր և այլն։
Բարոն Օգյուստ ֆոն Հաքսթհաուզենի «Անդրկովկաս» աշխատության գերմաներեն հրատարակության մեջ Հենրի Լանգի «Karte der Kaukasus-Länder» քարտեզում (1856 թ․) տեսնում ենք Zangadzor / Զանգաձոր տեղանունը, որը հետաքրքիր միջանկյալ ձև է Ձագա/եձոր > Զանգեզուր զարգացման շղթայում։
Հայկական Ձագաձոր / Ձագէձոր տեղանունը բաղկացած է բնիկ հայկական երկու բառերից՝ ձագ ‘թռչուն, թռչնաձագ’ և ձոր, այսինքն՝ ստուգաբանորեն «ձագերի՝ թռչունների ձոր» (հմմտ․ Ձագավանք)։ Թռչնանուններով կազմված տեղանունների այս կաղապարը բազմիցս հանդիպում է Սյունիքում, Արցախում և հայկական այլ տարածքներում, հմմտ․ Աղաւնաձոր, Ծիծեռնավանք, Կաքաւաբերդ, Կաքաւաղբիւր, Հաւաթաղ և այլն։
Հետևաբար, Ձագեձոր (> Զանգեզուր) տեղանվան հայկական ծագումը կասկածի ենթակա չէ։ Զանգեզուր-ի թյուրքական մեկնաբանությունը բացարձակապես անհիմն է․ այն պետք է դիտարկվի որպես ինքնիշխան Հայաստանի Սյունիքի մարզի և այլ տարածքների նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների արդարացման հանցավոր ու վտանգավոր փորձ։
Հրաչ Մարտիրոսյան