Դիվանագիտություն առանց ռազմական պարտավորությունների
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա այցը Ռուսաստան տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ Մոսկվան փորձում է խուսափել հակամարտություններին անմիջական ներգրավվելուց՝ միաժամանակ պահպանելով տարածաշրջանում իր ազդեցիկ դերակատարի դիրքը։ Արաղչիի այցին նախորդել էին Պակիստանում եւ Օմանում անցկացված ինտենսիվ բանակցությունները։
Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածության ֆոնին Արաղչիի եւ Պուտինի հանդիպումը լիովին տեղավորվում է 2025 թվականին ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի» տրամաբանության մեջ։
Ռուսական մամուլը հանդիպումից առանձնացրել է Իրանի հոգեւոր առաջնորդի՝ Պուտինին հասցեագրված ուղերձը, որը, ըստ ամենայնի, նորանշանակ առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առաջին ուղերձն է Ռուսաստանի ղեկավարին։
Դիվանագիտական արարողակարգի համաձայն՝ Պուտինը կարող էր ընդունել Իրանի ԱԳ նախարարին միայն այն դեպքում, եթե նա հանդես գար որպես Իրանի բարձրագույն ղեկավարի հատուկ բանագնաց եւ փոխանցեր համապատասխան ուղերձ։
Նշենք, որ նախկինում Իրանի գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի ուղերձը Ռուսաստանի ղեկավարին փոխանցվել էր նաեւ Իրանի մեջլիսի նախկին նախագահ Ալի Լարիջանիի կողմից, ով նույնպես հանդես էր եկել հատուկ բանագնացի կարգավիճակով։
Ռուսական աղբյուրների համաձայն՝ հանդիպման ընթացքում Պուտինը վերահաստատել է, որ Ռուսաստանը շարունակելու է իր ռազմավարական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
Նման հայտարարություններ նախկինում եւս հնչել են, սակայն դրանք հիմնականում վերաբերել են Իրանի հետ անուղղակիորեն առնչվող հարցերի, օրինակ՝ Սիրիայում համագործակցությանը եւ ամերիկյան ազդեցությանը հակազդելուն։
Այսօր, երբ Իրանը գտնվում է Միացյալ Նահանգների հետ ռազմական լարվածության նոր փուլում, «ռազմավարական հարաբերությունների շարունակությունը» առավելապես պետք է առնչվի Իրանի անվտանգության հարցերին։
Պուտինը նաեւ հայտարարել է. «Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք կհամապատասխանեն Իրանի եւ տարածաշրջանի երկրների շահերին, եւ կանենք ամեն ինչ՝ հնարավորինս շուտ Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու համար»։
Թեեւ նման հայտարարություններ նախկինում եւս հնչել են, դրանք հիմնականում սահմանափակվել են դիվանագիտական գործիքներով։ Ուկրաինական պատերազմի փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանը խուսափում է Միացյալ Նահանգների հետ ուղիղ լայնածավալ բախումից։
Պատերազմի ընթացքում Վաշինգտոնը բազմիցս պնդել է, թե Ռուսաստանը զենք եւ հետախուզական աջակցություն է ցուցաբերել Իրանին, սակայն Կրեմլը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները։ Նման քայլերը կարող էին հանգեցնել ՆԱՏՕ-ի հետ ուղղակի առճակատման, ինչը չափազանց մեծ ռիսկեր կպարունակեր Մոսկվայի համար։
Հանդիպումից հետո Պուտինի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ Արաղչին վերադառնալուց հետո Իրանի ղեկավարությանը կներկայացնի բանակցությունների մանրամասները։ Չի բացառվում, որ Պուտինը նրա միջոցով նաեւ ուղերձ է փոխանցել Իրանի հոգեւոր առաջնորդին։
Ուշակովը հավելել է. «Սա սովորական դիվանագիտական գործընթաց է։ Հաշվի առնելով Ռուսաստանի հետաքրքրվածությունը իրանական հարցի կարգավորման հարցում՝ բնական է, որ Արաղչին մեզ ասելիք ուներ»։ Նա նաեւ նշել է, որ չի բացառվում՝ ռուսական կողմն իր գաղափարներով կիսվի ինչպես արեւմտյան երկրների, այնպես էլ մերձավոր գործընկերների հետ։
Այս հայտարարությունները կարելի է դիտարկել որպես ԱՄՆ-ին ուղղված ազդակ՝ Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը կառավարելու հնարավոր իրանա-ռուսական համակարգման վերաբերյալ։
Այս զարգացումները հաջորդում են Սպիտակ տան ապրիլի 27-ի հայտարարությանը, ըստ որի՝ քննարկվում է Իրանի առաջարկը՝ ուղղված պատերազմի դադարեցմանը եւ Հորմուզի նեղուցի վերաբացմանը։
Փորձագետների կարծիքով՝ Պուտինի եւ Արաղչիի հանդիպումը նպատակ ուներ համակարգել Թեհրանի եւ Մոսկվայի քայլերը՝ մինչեւ Վաշինգտոնի վերջնական դիրքորոշման հստակեցումը։ Միաժամանակ պետք է նկատել, որ վերջին ճգնաժամի ընթացքում Ռուսաստանը եւ Չինաստանը, լինելով Իրանի ռազմավարական գործընկերներ, հիմնականում սահմանափակվել են դիվանագիտական ակտիվությամբ։
Ի տարբերություն նրանց՝ ԱՄՆ-ի դաշնակիցները ոչ միայն զենք են մատակարարել, այլեւ իրականացրել իրենց պաշտպանական պարտավորությունները։
Արաղչին իր X-ի էջում գրել է.
«Այն իրավիճակում, երբ տարածաշրջանում տեղի են ունենում վճռորոշ զարգացումներ, մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ շարունակվում է ամենաբարձր մակարդակով»։
Նա նաեւ նշել է.
«Վերջին զարգացումները ցույց են տալիս մեր ռազմավարական գործընկերության ուժն ու խորությունը։ Մենք գնահատում ենք առկա համերաշխությունը եւ ողջունում Ռուսաստանի աջակցությունը դիվանագիտական հարթակում»։
Ակնհայտ է, որ Մոսկվան, դիվանագիտական աջակցությունից բացի, այս փուլում չի կարող այլ պարտավորություններ ստանձնել Թեհրանի հանդեպ։
Գրիգոր Առաքելյան, արտակարգ և լիազոր դեսպան








