Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին ասել է, որ իսրայելական բանակի բոլոր գործողությունները Սիրիայում ուղղված են բացառապես Իսրայելի անվտանգության ապահովմանը։
Նրա խոսքով՝ Իսրայելը չի միջամտում այն ամենին, ինչ տեղի է ունենում Սիրիայի ներսում, սակայն «ակնհայտորեն մասնակցում է Գոլանի բարձունքների համայնքներում բնակվող Իսրայելի քաղաքացիների անվտանգության ապահովմանը». Հալևիի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու Գոլանի բարձունքները, հյուսիսային Գոլանը և Հերմոն լեռը: Սիրիան ժամանակին թշնամի պետություն էր, նրա բանակը փլուզվել է, և իրական վտանգ կա, որ ահաբեկչական տարրերը կփորձեն հաստատվել մեր սահմանի մոտ: Մենք գործում ենք` վճռականորեն կանխելու մեզ մոտ ծայրահեղական խմբավորումների կուտակումը»,- ասել է Հալևին։
Հալևիի մեկնաբանությունները հաջորդել են Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի (հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով) հայտարարությանը: Նա ասել է, որ Իսրայելի ներկայությունը Սիրիայում այլևս արդարացված չէ։
Ավելի վաղ ալ-Շարաան Syria հեռուստաընկերության եթերում դիմել էր միջազգային հանրությանը` դադարեցնելու «իսրայելական էսկալացիան» Սիրիայում։
Ալ-Շարաան ասել է, որ Իսրայելը խախտել է Սիրիայի հետ սահմանազատման գիծը Գոլանի բարձունքներում։
«Միջազգային հանրությունը «պետք է միջամտի և պատասխանատվություն ստանձնի այս էսկալացիայի համար», – ասել է Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարը՝ ընդգծելով «տարածաշրջանում իրավիճակի վերահսկման և Սիրիայի ինքնիշխանության կարևորությունը»։