Ադրբեջանցիների ախորժակն օր օրի ավելի է բացվում։ Օրակարգ է մտել Հայաստան՝ իրենց բառամթերքով՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու և իրենց «պապերի հայրենիքում» ապրելու պետական ծրագիրը։
Պաշտոնական ամբիոններից մինչև հասարակության տարբեր օղակներ՝ սոցցանցային տիրույթ ու մեդիա, ադրբեջանցիները հոխորտում, սպառնում են, թե «արդարությունը վերականգնելու ժամանակը եկել է», իրենք պահանջում են «եկվոր» հայերից վերադարձնել «Արևմտյան Ադրբեջանն ու դրա մայրաքաղաք Էրիվանը»։
Սկզբում այս ամենը ծիծաղով ու արհամարհանքով էինք ընդունում, բայց, դատելով ադրբեջանցիների անպատիժ գործողություններից ու ՀՀ իշխանությունների համապարփակ լռությունից ու թշնամուն հաճո դիրքորոշումից, չի բացառվում, որ ադրբեջանցիները մի օր կամ աստիճանաբար ներխուժեն Հայաստանի Հանրապետություն ու… Աստված գիտե, թե ինչ կլինի այդ ժամանակ։
Ադրբեջանական լրատվամիջոցները շրջանառում են կեղծ պատմությունների հիման վրա նկարահանված տեսանյութեր, որտեղ «հերոսը» կամ «հերոսուհին» պատմում է, թե ինքը, իր հայրն ու մայրն ինչպես են մինչև 1990-ականներն ապրել, օրինակ, Երևանի կենտրոնում՝ 33-րդ թաղամասում, նույն Ֆիրդուսի փողոցում։ Հետո մեղադրում են հայերին, որ սպանել են «բնիկ ադրբեջանցիներին, քշել են իրենց հայրենի քաղաքից ու տնից, հալածել են այնքան, մինչև որ նրանք ստիպված են եղել հեռանալ Ադրբեջան»։
Azg.am-ը ադրբեջանական հերթական կեղծարարության ու զրպարտանքի հետքերով ցույց է տալու, թե որքան մերկապարանոց են ադրբեջանական հայտարությունները, պատրաստելու է տեսանյութ ու փաստարկված վկայություններով ներկայացնելու է իրողությունը՝ ադրբեջանցիների համար ոչ հաճելի ճշմարտությունը։