Վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումները թույլ կտան Ադրբեջանին խնայել մեծ քանակությամբ բնական գազ, որն Ադրբեջանը ներկայում օգտագործում է էլեկտրաէներգիա արտադրելու համար։
Ինչպես հաղորդում է АPA-ն, հոկտեմբերի 26-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Ղարադաղի 230 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայանի բացման պաշտոնական արարողության ժամանակ։
«Այս ներդրումը թույլ կտա մեզ խնայել մեծ քանակությամբ բնական գազ, որը մենք ներկայում օգտագործում ենք էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Իսկ այն մի քանի միլիարդ խորանարդ մետր է, որը կտնտեսվի արտահանման համար։ Որովհետև Եվրոպային, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է ադրբեջանական գազը՝ կապված վերջին աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ»,- ասել է Ալիևը։
Ընդգծելով, որ Ադրբեջանը ժամանակին շահագործման է հանձնել տրանսպորտային խոշոր ենթակառուցվածքը՝ 3500 կմ երկարությամբ գազատարը Կասպից ծովի օֆշորային հանքավայրերից դեպի Եվրոպա, նախագահ Իլհամ Ալիևը հավելել է, որ դա ևս մեկ ներդրում կլինի ավելի լայն տարածաշրջանի էներգետիկ անվտանգության համար։