Իրանի ռադիոյի եւ հեռուստատեսության հասարակության հետ կապի վարչությունից տեղեկանում ենք, որ իրանցի հեռուստադիտողների համար հեռարձակվող իրանական «Սահար» հեռուստաալիքը մտադիր էր դեկտեմբերի 11-ին եւ 12-ին Հեյդար Ալիեւի մասին վավերագրական ֆիլմ ցուցադրել։ Սակայն, ֆիլմի անոնսը եթերում հայտնվելուց հետո, Բաքվում դժգոհության մեծ ալիք է բարձրանում։
Իրանական մամուլից տեղեկանում ենք, որ «Սահար» հեռուստաալիքի արխիվային տեսադարանին պահ դրված Ալիեւների ու Փաշաեւների կլանային իշխանության, մասնավորապես՝ Հեյդար Ալիեւի հակաիրանական քաղաքականության մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրումն արգելելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեծ ջանքեր է գործադրոում։
Իրանական iswnews կայքը գրում է, որ Ադրբեջանի կառավարությանը հաջողվել էր «Ազարի Սահար» ալիքին պատկանող յութուբյան էջը արգելափակելու մասին պայմանավորվածություն ձեռք բերել նաեւ YouTube-ի հետ։
Iswnews կայքը ֆիլմի ցուցադրման հարցում Բաքվի մտահոգության պատճառների մասին գրում է․ «Խնդիրն այն է, որ Հեյդար Ալիեւի մասին պատմող վավերագրական ֆիլմը փաստավավերագրական տեղեկատվության եւ հարցազրույցների միջոցով բացահայտում է Ալիեւների ու Փաշաեւների կլանային քաղաքականության էությունը։ Ի ցույց է դրվում Ադրբեջանի նախկին նախագահ, Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի անդամ Հեյդար Ալիեւի ընտանիքի, նրա ազգային պատկանելության եւ քաղաքական անցյալի մասին պատմող տվյալներ։ Տեսանյութում նկարագրված են այնպիսի դեպքեր, ինչպիսիք են՝ Իլհամ Ալիեւի հոր՝ 1990 թվականի հունվարի 19-20-ին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունում կազմակերպած հայերի կոտորածների, Արցախի առաջին պատերազմի հրահրման հանգամանքների, մարդկանց ֆիզիկական ոչնչացման, Թուրքիայում Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) հիմնադրման եւ այլ դեպքերի մասին»։
Իրանագետ Գրիգոր Առաքելյանի՝ թեմային վերաբերող առավել հանգամանալից հոդվածը կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի՝ հունվարի 20-ի համարում: