Դիլիջանի ահասարսուռ դեպքը, ցավոք, միակը չէ։ Մոտ մեկ տարի առաջ էլ Վանաձորում էր նորելուկ պարեկը «կարատեի»՝ իր իմացած շարժումները 17-ամյա երիտասարդի վրա փորձարկել։ Դեպքն, իհարկե, ծածկադմփոց արվեց, փակվեց, գնաց։ Ավելին՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներից ոմանք արդարացրեցին պարեկին, թե «լեզվին տված երիտարսարդին պարեկը դաստիարակչական բնույթի մեկ-երկու ապտակ է տվել»։
Դիլիջանյան անմարդկային դեպքի համար սակայն «կրուտիտ» գտնել չեն կարող։ Տեսախցիկներն են ֆիքսել՝ ինչպես է քրեականի պետը դաժանորեն ծեծում գուցե իր երեխայի տարիքի տղային։ Նման կերպ մեկ էլ, երեւի, հայ ռազմագերիների հետ են վարվում՝ Բաքվի բանտերում։
Բայց հիմա ոչ թե պարոն բարձրաստիճան ոստիկանի արարքի,այլ հասարակական ընկալման ու տրամադրությունների մասին եմ ուզում խոսել՝ հուսալով, որ իրավապահ համակարգը ոստիկանի արաքին իրապես արժանի գնահատական կտա։
Եթե այս դեպքը «նախկինների» ժամանակ լիներ, ապա տեսանյութը հրապարակվելուց ժամեր անց մի քանի իրավապաշտպաններ մամուլի ասուլիս կհրավիրեին, կդատապարտեին տեղի ունեցածը։ Այնուհետեւ որեւէ մի հրապարակում կհավաքվեին, հավաքը՝ ցույցի, ցույցը՝ հանրահավաքի կվերաճեր, ու Դիլիջանի ոստիկանապետը (եթե ոչ՝ ՀՀ ոստիկանապետը) հրաժարական կտար։
Այդ ամենին հասարակական պարսավանքն ու մերժելիությունը կհաջորդեր, ու գոնե առաջիկա մի քանի տարում որեւէ մեկը՝ հատկապես իրավապահ համակարգի ներկայացուցիչ, չէր համարձակվի բռունցքներ բանեցնել։
Բայց ինչպես բոլոր հարցերում, այս հարցում նույնպես՝ թե՛ իրավապաշտպանը, թե՛ պաշտոնյան, թե՛ ոստիկանն ու, առհասարակ, ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացին, բացի արձանագրումը, այն է՝ «դատապարտելի արարք է», ուրիշ ոչինչ չի անում՝ քաջ գիտակցելով, որ նույն խնդիրն ավելի վատ կերպով վաղն իր դուռն է թակելու։
Սեւակ Վարդումյան





